Եվրախորհրդարանը հրապարակել է ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ զեկույց, որտեղ անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական հակամրտությանը և ԼՂ հիմնախնդրին։ Նշվել է, որ 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո կնքված հրադադարը չի պահպանվում, ավելին՝ հրադադարը մի քանի անգամ խախտվել է՝ հանգեցնելով հարյուրավոր զոհերի և Ադրբեջանի զորքերի կողմից Հայաստանի արևելքում ու հարավ-արևելքում երկրի ինքնիշխան տարածքի բռնազավթման:
Զեկույցում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը մեծապես խոչընդոտել է Հարավային Կովկասի տարածաշրջանի զարգացումն ու կայունությունը և ավելի լայն իմաստով ազդում է եվրոպական կայունության վրա:
Փաստաթուղթը վերահաստատում է, որ արդյունավետ լինելու համար Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության պայմանագիրը պետք է ներառի դրույթներ, որոնք երաշխավորում են Հայաստանի ինքնիշխան տարածքի ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղում և հակամարտությունից տուժած այլ շրջաններում բնակվող հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, ինչպես նաև բոլոր փախստականների և ներքին տեղահանվածների արագ ու անվտանգ վերադարձն իրենց տները:
Փաստաթղթում հիշատակվում է Լաչինի միջանցքով քաղաքացիական երթևեկության արգելափակումը: ԵՄ-ն լրջորեն մտահոգված է Լաչինի միջանցքի շրջափակմամբ, կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ապահովել այդ միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը, ինչպես սահմանված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին Լաչինի միջանցքի գործունեության հետ կապված բոլոր մտահոգությունները լուծել երկխոսության և բոլոր ներգրավված կողմերի հետ խորհրդակցությունների միջոցով:
Կոչ է անում Լեռնային Ղարաբաղ մուտքի իրավունք տալ միջազգային մարդասիրական կազմակերպություններին, հատկապես՝ Միավորված ազգերի կազմակերպությանը, և հիշեցնում է, որ ներկայումս միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեին է թույլատրվում մուտք գործել տարածաշրջան, ինչը բավարար չէ տեղի բնակչության պայմաններն ու կարիքները ճշգրիտ գնահատելու համար։
Եվրոպական խորհրդարանը դատապարտում է սեպտեմբերյան մարտերի ժամանակ ռազմագերիների խոշտանգումները, 2020 թ. և 2021 թ. սկզբին քաղաքացիական անձանց, այդ թվում՝ տարեցների նկատմամբ ոտնձգությունները և արտադատական հաշվեհարդարները:
Եվրոպական կառույցը դատապարտում է նաև Թուրքիայի էքսպանսիոնիստական և ապակայունացնող դերը Հարավային Կովկասում, այդ թվում՝ 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմում Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից կռվելու համար սիրիացի վարձկաններ ուղարկելու միջոցով և կարծում է, որ տարածաշրջանում կառուցողական դեր խաղալու համար Թուրքիան պետք է վերանայի Ադրբեջանին իր անվերապահ աջակցությունն ու շոշափելի քայլեր ձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:
Հետևաբար, վճռականորեն աջակցում է ԵԽ նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությունը՝ հրավիրելու և միջնորդելու Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների երկկողմ հանդիպումները և խրախուսում է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի աշխատանքը:
«ԵՄ-ն պատրաստ է ակտիվ դերակատարում ունենալ՝ որպես հուսալի առևտրային գործընկեր և արդար միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու գործում՝ իր գործողությունները հիմնելով ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների հանդեպ հարգանքն առաջ մղելու վրա»,- նշում են զեկույցի հեղինակները՝ հավելելով, որ Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած հակամարտությունն ազդեցություն է ունեցել Հարավային Կովկասի վրա և էլ ավելի է բարդացրել տարածաշրջանի անվտանգային իրավիճակը: Եվրոպական խորհրդարանը խստորեն դատապարտում է 2022 թ. սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքում բազմաթիվ թիրախների դեմ լայնածավալ ռազմական ագրեսիան… դատապարտում է ռազմական ներխուժումները, որոնք 2021 թ. մայիսից ի վեր իրականացվել են չսահմանազատված սահմանով, բոլոր ուժերին կոչ է անում վերադառնալ իրենց ելման դիրքեր, դատապարտում է խաղաղության գործընթացը խաթարող ցանկացած փորձ և բոլոր կողմերին կոչ է անում զերծ մնալ ուժի կիրառումից, ցանկացած թշնամական հռետորաբանությունից կամ գործողություններից, որոնք կարող են հրահրել ատելություն կամ բացահայտ բռնություն, կամ այնպիսի գործողություններից, որոնք վտանգում են վստահության, հաշտեցման, համագործակցության և կայուն մթնոլորտի ստեղծմանը։
Կոչ է անում երկու երկրի կառավարություններին ամբողջությամբ ներգրավվել համապարփակ և փոխադարձ ընդունելի խաղաղության պայմանագրի մշակմանը, որը պետք է անդրադառնա Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության իրավունքներին ու անվտանգությանը, ներքին տեղահանվածների և փախստականների վերադարձին և մշակութային ոլորտների, կրոնական ու պատմական ժառանգության պաշտպանությանը, ողջունում է այս կապակցությամբ երկու պետության արտաքին գործերի նախարարների հանդիպումները 2022 թվականի սեպտեմբերի 30-ին Ժնևում և 2022 թվականի նոյեմբերի 8-ին Վաշինգտոնում, ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներին և անվտանգությանը վերաբերող կենսունակ իրավական լուծում պետք է գտնվի՝ ապահովելու հակամարտության տևական կարգավորումը:
Ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի սահմանների սահմանազատման հանձնաժողովների ստեղծումը և ի գիտություն ընդունում սահմանի սահմանազատման գործընթացում ձեռք բերված առաջընթացը: Կոչ է անում ԵՄ միջազգային աջակցությանը՝ սահմանագծման գործընթացին՝ վստահության, արդարության և կայունության ապահովման նպատակով:
Ողջունում է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայելու համաձայնությունը՝ անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակներում Ադրբեջանի հետ միջազգային սահմանի հայկական կողմի երկայնքով՝ նպաստելու Հայաստանի սահմանամերձ տարածքներում կայունությանն ու վստահության ամրապնդմանը: Ողջունում է Հայաստանի պատրաստակամությունը՝ նպաստելու իր տարածքում առաքելությանը և կոչ է անում Ադրբեջանին թույլ տալ ԵՄ դիտորդների ներկայությունը նաև սահմանի իր կողմից:
Եվրոպական խորհրդարանը նաև մտահոգություն է հայտնում հայ գերիների՝ ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական անձանց ճակատագրի առնչությամբ, որոնք կալանավորվել են հակամարտության ընթացքում և դրանից հետո ու դեռ պահվում են Ադրբեջանի բանտերում: Կոչ է անում անհապաղ և անվերապահ ազատ արձակել մնացած բոլոր կալանավորներին, ներառյալ վերջին ռազմական առճակատումների ժամանակ գերեվարվածներին, ու նրանց հետ վարվել միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն:
Ապշած է կադրերից, որոնցում ցուցադրվում են Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ զինծառայողի և անզեն հայ ռազմագերիների խոշտանգումները, անդամահատումն ու սպանությունը և դատապարտում է դրանց հրապարակային տարածումը: Կոչ է անում ամբողջական և անաչառ հետաքննել տեսանյութերը՝ բացահայտելու մեղավորներին ու պատասխանատվության ենթարկելու իրենց գործողությունների համար:
Հիշեցնում է, որ Եվրոպական հարևանության քաղաքականությունն ընդգծում է հարևանների միջև հարաբերություններն ամրապնդելու և տարածաշրջանային համագործակցությունը խթանելու անհրաժեշտությունը: