Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասը՝ արդարադատության նախարարի հրամանով նշանակվել է «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի՝ երեք անդամից կազմված ժամանակավոր խորհուրդ հետևյալ կազմով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյան, արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյան, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Զարուհի Մաթևոսյան:
Ժամանակավոր խորհուրդն իրականացնելու է հիմնադրամի գործունեությունը շարունակելուն ուղղված` օրենքով հոգաբարձուների խորհրդին վերապահված բոլոր լիազորությունները:
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են՝ ղեկավարվելով «Հիմնադրամների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ պարբերության 1-ին, 25-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետերով՝ ժամանակավոր խորհրդի որոշմամբ՝ մարտի 15-ին բանասիրական գիտությունների թեկնածու Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է ռեկտորի պաշտոնակատար՝ մինչև հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու հիմնադրի կողմից ռեկտորի ընտրության արդյունքների հաստատումը։
«Միաժամանակ հաշվի առնելով միտումնավոր տարածվող ապատեղեկատվությունը և խնդրի հետ կապված հնարավոր թյուրընկալումները՝ հարկ ենք համարում ընդգծել, որ ռեկտորի պաշտոնակատարի նշանակումը որևէ առնչություն չունի բուհերի խոշորացման գործընթացի հետ. Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի միավորման հարց այս պահին չի քննարկվում:
Իրականությանը չի համապատասխանում նաև պնդումը, թե առկա է բուհի լուծարման վտանգ. այդ իրավասությունն արգելված է օրենքով»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ:
Այսպիսի թյուրընկալումների տեղիք թերևս տվել է այն հանգամանքը, որ Գյուրջինյանը կողմ էր արտահայտվել բուհերի միավորմանը:
Հիշեցնենք՝ 2022-ի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ռեկտորի ընտրության արդյունքները Դավիթ Գյուրջինյանը վիճարկում է դատական կարգով:
4 ձայնի առավելությամբ այդ օրը ռեկտորի պաշտոնում ընտրվել էր գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը:
Ի դեպ, ուսանողները դասադուլ են անում՝ դժգոհելով Գյուրջինյանի նշանակումից: