ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել են «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ու «Պետական տուրքի մասին» օրենքներում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ ներկայումս Էկոնոմիկայի նախարարության կողմից հաշվառվող ծանուցման ենթակա գործունեության տեսակները 19-ն են: Նախագծերով առաջարկվում է ծանուցման պահանջը դադարեցնել 6 տեսակի դեպքում, պահպանել 5-ի դեպքում, եւս մեկն ավելացնել: Նրա խոսքով ծանուցման ենթակա թորած ալկոհոլային խմիչքների արտադրության գործունեության տեսակները տարանջատելու, հստակեցնելու և ալկոհոլային խմիչքների առանձին տեսակների արտադրությունը խթանելու նպատակով դրանց արտադրության գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար սահմանվել են տարեկան պետական տուրքերի առավել մատչելի դրույքաչափեր:
Մասնավորապես, ծանուցում ներկայացնելու պահանջն առաջարկվում է հանել օրենքի գյուղատնտեսության բնագավառի բաժնի հետևյալ գործունեության տեսակների համար` անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատրաստուկների արտադրություն, անասնաբուժասանիտարական փորձաքննություն, բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրություն և վաճառք: Թույլ ալկոհոլային խմիչքների, գարեջրի, 100.000 լիտրից ավելի շշալցված կոնյակի իրացման և ներմուծման գործունեությամբ զբաղվելու համար եւս առաջարկվում է հանել ծանուցման պահանջը: Միավորվել են վիսկիների, ռոմի, ջինի, սպիրտային այլ թուրմերի և մինչև 22 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների արտադրության գործունեության տեսակները, դրանցով զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար սահմանվել է ընդհանուր 3 մլն դրամ տարեկան պետական տուրք: Նախարարի գնահատմամբ՝ այս փոփոխությունները վերոնշյալ ոլորտներում հանգեցնելու են տնտեսական ակտիվացման:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի համոզմամբ՝ նոր կարգավորումների ընդունումը պայմանավորված է վարչարարության կրճատման, տնտեսվարողներին աջակցելու, գործարար և ներդրումային միջավայրի տեսանկյունից տվյալ ոլորտներն առավել գրավիչ դարձնելու հանգամանքով:
Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հետաքրքրվել է այդ ոլորտներում վերահսկողության ու որակի պահանջների կատարմամբ: «Մենք ընկերություններին ազատում ենք ծանուցման պահանջից, բայց միևնույն ժամանակ նրանց գործունեության տեսակի նկատմամբ սանիտարահիգիենիկ և սննդի անվտանգության մյուս պահանջները մնում են նույնը»,- պարզաբանել է նախարարը:
Հանձնաժողովը հարցի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն: