ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում անդրադարձավ առաջնագծի կահավորման մասին հարցին:
«Առաջնագծում ամեն ինչ այնպես չէ, ինչպես կցանկանայինք բոլորս, բայց ամեն ինչ արվում է, որ առաջնագիծն օր առաջ լինի ավելի ամուր: Փակ քննարկման ժամանակ ներկայացրել եմ, թե ինչ բնույթի աշխատանքներ են տարվում:
Առաջնագիծն իդեալական չէ, այդ թվում՝ սեպտեմբերյան դեպքերից հետո: Նոր առաջնագիծը նույնպես ամբողջական կահավորման կարիք ունի: Խոսքը վերաբերում է նաև թիկունքային որոշակի ենթակառուցվածքների: Բանակում կա հսկայական անելիք, այդ անելիքը, որը ես ստանձնել եմ մեկ տարի առաջ, ես հասցնելու եմ իր բարեհաջող ավարտին»,- ասաց Պապիկյանը:
Նա ավելացրեց, որ կառուցվել են հարյուրավոր կիլոմետրերով դաշտային ճանապարհներ, հարյուրավոր հենակետեր:
«Բայց պետք է հիշենք, որ այս ընթացքում ունեցել ենք էսկալացիաներ, առաջնագծի որոշակի ուղղություններում փոփոխություններ, ցավոք, ոչ հօգուտ մեզ: Բնականաբար, ժամանակ առ ժամանակ անհրաժեշտություն է առաջացել շեշտադրումը կատարել նոր առաջնագծի վրա, ինչը բացասաբար է անդրադարձել ընդհանուր առաջնագծի վրա: Այսօր այն հնարավորություններն ու ռեսուրսները, որ ներդրված են, դրանցով էականորեն ի վիճակի ենք փոխելու առաջնագծի որակը և պատկերը»,- ասաց նախարարը: