Զինված ուժերում կատարվել են կառուցվածքային և բովանդակային բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացնելով Կառավարության ծրագրի 2022-ի կատարողականը՝ վստահեցրեց պաշտպանական գերատեսչության ղեկավարը: Պայմանագրային զինծառայողների համար սահմանվել է լրավճար, որի արդյունքում նախատեսվում է զինծառայողների աշխատավարձը կրկնապատկել, սահմանվել է պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության փոխադրման նոր կարգ՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի իրականացման միջոցով, իրականացված բարեփոխումներից մի քանիսը թվարկեց Սուրեն Պապիկյանը:
Սուրեն Պապիկյան (ՀՀ պաշտպանության նախարար) - Հաշվետու ժամանակահատվածում ԶՈՒ-ն համալրվել են տարբեր տեսակի ԱԹՍ-ներով, հակատանկային, ՀՕՊ միջոցներով և դրանց արդիականացված համակարգերով, ինժեներական տեխնիկայով, ականազերծման լրակազմով, քողարկման ցանցերով, կապի միջոցներով, օպտիկական սարքերով, տարբեր տեսակի զինամթերքով և այլ տեսակի սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցներով, որոնք այստեղ ներկայացնելու կարիք չեմ տեսնում:
Նախարարն անդրադարձավ անվտանգային երկու համակարգերի՝ ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի հետ կատարված աշխատանքին: ՀԱՊԿ-ի հետ կատարված աշխատանքից առանձնացրեց քարտուղարության գործիքակազմի արդիականացման, տեղեկատվական կենտրոնի գործունեության, ճգնաժամային արձագանքման կենտրոնի մեխանիզմների արդիականացումը: Ապա, անդրադառնալով ՆԱՏՕ-ին՝ նշեց, 2022 թվականին հաստատվել է Հայաստան-ՆԱՏՕ պլանավորման և վերանայման փաստաթուղթը՝ համագործակցության 27 նպատակով:
Սուրեն Պապիկյան - Ինչն իր հերթին հնարավորություն է ստեղծել նԱՏՕ-ի անդամ պետությունների հետ երկկողմ ձևաչափով հարաբերությունների զարգացման համար:
ՀՀ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՀԱՆՁՆՎԻ ԱԱԾ ԶՈՐՔԵՐԻՆ
Զինված ուժերի զարգացման պլանով Հայաստանի սահմանների պաշտպանությունը փուլ առ փուլ կհանձնվի ԱԱԾ սահմանապահ զորքերին, ներկայացրեց Պապիկյանը: Այս դրույթի հետ կապված էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցադրումը: Պատգամավորը նախ արձանագրեց՝ մինչև 2027 թվականը սահմանապահ զորքերը սահմանի ամբողջական վերահսկողություն դեռ չեն իրականացնելու։
Գեղամ Մանուկյան (ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) - 2021-2022 թվականների ընթացքում սահմանապահ զորքերի վերահսկողության տակ առաջնագծի հատվածում ինչպիսի՞ ծավալային փոփոխություն է եղել:
Այդ փոփոխություններն ամբողջությամբ իրականացնելու վրա ազդում են ռազմաքաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակները, արձագանքեց նախարարը:
Սուրեն Պապիկյան - Այսինքն՝ հնարավոր զարգացումները կկանխորոշեն նաև այդ պլանի հետագա իրագործում, սակայն ճիշտ ճանապարհն այն է, որ սահմանները հսկեն սահմանապահ զորքերը:
Ո՞րն է ՀԱՊԿ-ի այլընտրանքը, հետաքրքրվեց ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ նկատելով, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում ասել է, որ ՀԱՊԿ-ը հեռանում է Հայաստանից: Պապիկյանը նախ հորդորեց չխեղաթյուրել վարչապետի խոսքը:
Սուրեն Պապիկյան - Ես չեմ ուզում մտնել քննարկման մեջ, թե որն է ՀԱՊԿ-ի այլընտրանքը, որովհետև եթե հղում եք անում վարչապետի ասուլիսին, նա հնչեցրել է, որ Հայաստանը ոչ մի տեղից դուրս չի գալիս, եթե դուրս եկողները կան, Հայաստանից են դուրս գալիս: Բայց նաև դրանով մենք մտահոգ ենք, ՊՆ-ն և պաշտպանության նախարարն էլ իրականացնում են այն գործունեությունը, որով պետք է առաջնորդվենք մեր միջազգային պարտավորությունների համաձայն:
ԲԱՆԱԿՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶՈՒՄ ԿԱ. ՊԱՊԻԿՅԱՆ
Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը գիտակցում է բանակում ոչ կանոնադրային հարաբերությունների հետ կապված խնդիրների մասշտաբն ու էությունը, խնդիրների լուծման համար էլ երկարաժամկետ միջոցներ ձեռնարկում, հարցերին ի պատասխան հայտարարեց նախարար Պապիկյանը: Միևնույն ժամանակ նկատեց, որ 2022 թվականին, 2021 թվականի հետ համեմատած, պատահարների ու հանցագործությունների էական նվազում կա. աշխատանքն այդ ուղղությամբ շարունակվում է:
Սուրեն Պապիկյան - Խոսքը սպայակազմի պատրաստվածության, թվաքանակի, սերժանտական համակարգի գոյության կամ չգոյության մասին է։ Մենք ներդնում ենք սերժանտական պրոֆեսիոնալ համակարգ, ինչը մեզ թույլ կտա զինծառայողների հետ աշխատանքն ավելի հեշտացնել։ Սկսում ենք դասակի հրամանատարներին օգնելու մեխանիզմ ներդնել, ինչը բանակն ավելի կարգապահ կդարձնի:
ԶՈՒ-ՈՒՄ ԴԱՎԱՃԱՆՆԵՐԸ ՏԵՂ ՉՈՒՆԵՆ. ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Պաշտպանության նախարարը հաստատեց՝ 44-օրյա պատերազմի ժամանակ բանակում գործել է հինգերորդ շարասյուն։ Նա չհամաձայնեց այն մտքի հետ, թե դավաճանների մասին բարձրաձայնելը բանակի բարոյահոգեբանական վիճակի վրա ազդում է: Շեշտեց՝ հայկական բանակում եղել են ու կան նվիրյալներ, հայրենիքի իրական պաշտպաններ, դավաճանությունն ամբողջ բանակի վրա չի տարածվում, սակայն կարևորեց իրերն իրենց անունով անվանելը:
Սուրեն Պապիկյան - Մենք պետք է իրականության հետ վերջապես առերեսվելու կամք ունենանք, խոսքը հայոց պետականության մասին է, մեր պետականության լինելության մասին է, ու բանակը դրա կարևորագույն բաղկացուցիչն է։ Եթե մարդը դավաճան է, պետք է չխոսե՞լ դավաճանի մասին։ Մեզ պատի՞վ է բերում, որ մեր շարքերում դավաճաններ լինեն, կամ զինված ուժերի որևէ սպա կարող է դժգոհել, թե «մեր դավաճաններին խի՞ եք բացահայտում»։ Նվազագույնն է, որ արվում է, փոխանակ պարսավանքի ենթարկեք, ասում եք՝ «մեր դավաճանները պուպուշ են, պետք է թաքուն պահեք»։ Ո՛չ, պետք է հրապարակայնացվի ու արմատախիլ արվի մեր հասարակությունից։ Բանակում դավաճանները տեղ ունենալ չեն կարող, հինգերորդ շարասյունը զինված ուժերում անելիք չունի, ԶՈՒ անելիքը ՀՀ սուվերենությունը պահպանելն է, այլ անելիք չունի, այդ թվում՝ քաղաքական:
ԲԱՆԱԿՈՒՄ ՀՍԿԱՅԱԿԱՆ ԱՆԵԼԻՔ ԿԱ. ՊԱՊԻԿՅԱՆ
Խոսելով առաջնագծի կահավորման և ընդդիմադիրների կողմից բարձրացված խնդիրների մասին՝ Պապիկյանը հայտարարեց՝ բանակում կա հսկայական անելիք, ինքը դա հասցնելու է բարեհաջող ավարտել:
Սուրեն Պապիկյան - Այո՛, առաջնագծում ամեն ինչ այնպես չէ, ինչպես կցանկանայինք բոլորս, բայց ամեն ինչ արվում է, որ առաջնագիծն օր առաջ լինի ավելի ամուր: Ես նաև փակ քննարկման ժամանակ ներկայացրել եմ, թե ինչ բնույթի աշխատանքներ են տարվում: Առաջնագիծն իդեալական չէ, այդ թվում՝ սեպտեմբերյան դեպքերից հետո նոր առաջնագիծը նույնպես ամբողջական կահավորման կարիք ունի: Խոսքը վերաբերում է նաև թիկունքային որոշակի ենթակառուցվածքների: Բանակում կա հսկայական անելիք, այդ անելիքը, որը ես ստանձնել եմ մեկ տարի առաջ, ես հասցնելու եմ իր բարեհաջող ավարտին:
Վերջին երկու տարում Հայաստանում դեպի առաջնագիծ տանող հարյուրավոր կիլոմետր դաշտային և բարձրլեռնային ճանապարհներ են կառուցվել, հավելեց պաշտպանության նախարարը: Կառավարության ծրագրի 2022 թվականի կատարողականի՝ պաշտպանության ոլորտին վերաբերող հաշվետվությունը գլխադասային հանձնաժողովի կողմից ընդունվեց ի գիտություն, մնացյալ հարցերը քննարկվեցին փակ ռեժիմով: