«Ռոսկոմնադզորի» որոշմամբ՝ ամբողջ Ռուսաստանում վերականգնվել է ադրբեջանական իշխանամետ haqqin.az տեղեկատվական-վերլուծական ռեսուրսի գործունեությունը։ Կայքի գործունեությունը արգելափակվել էր ռուս-ուկրաինական պատերազմն սկսվելուց մի քանի օր անց։
haqqin.az-ի գործունեությունը հնարավոր է եղել վերականգնել խմբագրության և ՌԴ կառավարության ներկայացուցիչների միջև բանակցություններից հետո։ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը հատուկ դեր է խաղացել կայքի գործունեության վերականգնման գործում, նշում են լրատվամիջոցները։ Օգտվելով առիթից՝ haqqin.az-ի խմբագիրներն իրենց երախտագիտությունն են հայտնել Ռուսաստանի նախագահի աշխատակազմին, արտաքին գործերի նախարարությանը, ՌԴ դեսպանատանը և «Ռոսկոմնադզորին»։