Ավելի քան երեք տասնամյակի ընթացքում, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և Ադրբեջանի վերջին ներխուժումն Հայաստանի ինքնիշխան տարածք խլել են տասնյակ հազարավոր կյանքեր, զանգվածային ավերածություններ պատճառել և հարյուր հազարավոր մարդկանց տեղահանել, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռևս լուծված չէ: Այդ մասին նշված է Հայաստանի վերաբերյալ Եվրախորհրդարանի զեկույցում։
Եվրախորհրդարանի պատգամավորները համոզված են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հնարավոր չէ հասնել ռազմական ճանապարհով և ուժի սպառնալիքով, պահանջվում է համապարփակ քաղաքական կարգավորում՝ միջազգային իրավունքին համապատասխան։ Նրանք վերահաստատել են, որ արդյունավետության համար համապարփակ խաղաղության պայմանագիրը պետք է ներառի դրույթներ, որոնք երաշխավորում են Հայաստանի ինքնիշխան տարածքի ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղում և հակամարտությունից տուժած այլ տարածքներում ապրող հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, ինչպես նաև փախստականների և տեղահանվածների արագ և անվտանգ վերադարձն իրենց տներ:
Զեկույցը խստորեն դատապարտում է 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ իրականացված լայնածավալ ռազմական ագրեսիան, որը հանդիսանում է հրադադարի կոպիտ խախտում և հակասում է նախորդ պարտավորություններին, այդ թվում՝ Եվրամիության հովանու ներքո անցկացված բանակցությունների շրջանակներում ընդունվածներին։
Ադրբեջանի իշխանություններին առաջարկվում է՝
▪️ անհապաղ հեռանալ Հայաստանի տարածքի բոլոր հատվածներից և ազատ արձակել իրենց հսկողության տակ գտնվող ռազմագերիներին.
▪️ վերացնել բոլոր խոչընդոտները, որոնք կարող են խանգարել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը։
Հայաստանին և Ադրբեջանին առաջարկվում է.
▪️ լիովին իրականացնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ հայտարարությունը՝ իր բոլոր ասպեկտներով.
▪️ խթանել ապագա խաղաղության պայմանագրի քննարկումը, վերացնել հակամարտության արմատական պատճառները և զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է հանգեցնել հետագա էսկալացիայի.
▪️ անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ ուղղված իրենց բնակչությանը խաղաղ գոյակցությանը նախապատրաստելուն, ներառյալ մարդկանց միջև կապերի ամրապնդմանն ուղղված միջոցառումները.
▪️ զերծ մնալ թշնամական հռետորաբանությունից կամ գործողություններից, որոնք կարող են ընկալվել որպես ատելության խոսք կամ բացահայտ բռնության հրահրում կամ որպես աջակցություն անպատժելիությանը.
▪️ ստեղծել անցումային արդարադատության մեխանիզմ՝ որպես վստահության ամրապնդման միջոց՝ կայուն խաղաղության և հաշտեցման հասնելու համար:
Զեկույցի հեղինակները ողջունում են ԵՄ-ի կողմից տրամադրվող մարդասիրական օգնությունը Լեռնային Ղարաբաղի և հակամարտությունից տուժած բնակչությանը:
Եվրախորհրդարանի պատգամավորներն աջակցում են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը՝ ելնելով հաշտեցման, կայունության, տարածաշրջանային անվտանգության ու սոցիալ-տնտեսական զարգացման շահերից։
Թուրքիային ևս մեկ անգամ կոչ է արվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ թուրք և հայ ժողովուրդների իրական հաշտեցման ճանապարհ հարթելու և հայկական մշակութային ժառանգությունը պաշտպանելու իր պարտավորությունները լիովին կատարելու համար։