Լայնածավալ փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում: Գործադիրի ներկայացուցիչ Ռուբեն Սարգսյանն ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց 120-ից ավելի փոխվող կամ լրացվող հոդվածները: Առանձնացրեց աշխատող մայրերի և գործատուի հարաբերությունները կարգավորող դրույթները:
Ռուբեն Սարգսյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ) - Ինչպես գիտեք, ներկայիս կարգավորումով մինչև 1.5 տարեկան երեխա խնամող կանանց հնարավորություն է տրվում 3 ժամը մեկ 30 րոպե ընդմիջել: 1.5-ը դարձրել ենք 2 տարեկան ու հնարավորություն ենք տալիս այդ 3 ժամը տնօրինել. կարող են գումարել օրվա սկզբում կամ վերջում:
Կենսաթոշակային տարիքի լրանալու հիմքով այլևս գործատուն չի կարող ազատել աշխատանքից, ասաց Սարգսյանը, հավելեց, որ հնարավորություն է տրվում նաև անժամկետ պայմանագիր կնքել կենսաթոշակային տարիքի անձի հետ: Փոխնախարարի խոսքով՝ հաստիքների կրճատման դեպքում Աշխատանքային օրենսգրքում առավելություն են տվել հաշմանդամություն ունեցող և սոցիալական խմբերում ներառված անձանց:
Ռուբեն Սարգսյան - Հաշմանդամություն, կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների, ինչպես նաև ֆունկցիոնալ խոր աստիճանի սահմանափակման, կենսաթոշակի անցած, ստացող նախկին զիծառայողների կամ զոհված, անհայտ բացակայող ընտանիքի անդամներին:
Հանգստի իրավունքին վերաբերող փոփոխություններն էլ շատ են: Գործող օրենքով` եթե աշխատողը արձակուրդ գնալու դիմում չի ներկայացնում, ապա գործատուն որևէ լիազորություն չունի մարդուն արձակուրդ ուղարկելու: Առաջարկվում է սահմանել՝ եթե աշխատողը 2.5 տարի անընդմեջ արձակուրդի դիմում չի ներկայացնում, ապա գործատուն իրավունք է ստանում աշխատողին իր հայեցողությամբ ուղարկել արձակուրդ:
Ռուբեն Սարգսյան - Արձակուրդներից խոսելիս կուզեմ անդրադառնալ նաև ուսումնական արձակուրդ հասկացությանը, նոր ձևակերպմամբ՝ հնարավորություն է տրվում աշխատողի նախաձեռնությամբ 2 տարի պահպանել աշխատատեղ ու սովորել արտերկրում:
Գործող կարգավորումներով՝ աշխատանքի անցելուց միայն 6 ամիս հետո արձակուրդ գնալու իրավունք կա: Փոխնախարարի գնահատմամբ՝ այդ մեխանիզմը ճկունացրել են՝ հնարավորություն տալով հարցը աշխատող-գործատու հայեցողությամբ կարգավորել:
Ամրագրվել են աշխատանքային հարաբերություններում բռնություն կամ ոտնձգություն հասկացությունը, սեռական ոտնձգության արգելքը: Նախագիծը ստացել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը և կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:
Հեղինակ` Անի Օհանյան