Ինձնից կախված բոլոր ջանքերը կգործադրեմ, որպեսզի մինչև տարվա վերջ խաղաղության պայմանագիր ստորագրվի: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Երբ մենք փետրվարին Ադրբեջանին փոխանցել ենք խաղաղության պայմանագրի թուղթը, դա եղել է թղթի մի տարբերակ, որը ես պատրաստ եմ ստորագրել: Ինչո՞ւ չեմ ստորագրել, որովհետև Ադրբեջանը չի համաձայնել այդ տարբերակին: Դա լավ նորություն կլիներ, եթե այդպես ստացվեր: Մենք ժամանակ չենք ձգում, մենք ուզում ենք թուղթ, որը ստորագրենք, բայց պրոբլեմն այն է, որ Ադրբեջանն այլ ուղղությամբ է տանում»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետն արձագանքեց նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարություններին, թե 2018-ից ի վեր՝ Հայաստանը ռազմատեխնիկական օգնություն չի ստացել, և 44-օրյա պատերազմի ժամանակ բանակի անձնակազմի ու զինամթերքի ընդամենը 50 տոկոսն է ներգրավված եղել ռազմական գործողություններում:
«Ինձ դառնացնում է, որ այդ լրջության մարդ է Հայաստանը ղեկավարել: Ո՞նց կարելի է այդքան անլուրջ լինել: Հազարավոր կամավորներ են մասնակցել պատերազմին, որևէ մեկը ձեզ ասե՞լ է, որ զենքի պակաս են ունեցել: Կատարյալ սուտ է: Օգնություն ասելով ի՞նչ նկատի ունեն. կարո՞ղ է նկատի ունեն ձրի զենք: Եթե ձրի զենք, չասեմ՝ ձրի զենքն ինչ է»,- նշեց Փաշինյանը՝ ընդգծելով՝ Հայաստանը 2018-2020 թվականներին ձեռք է բերել ավելի շատ զինամթերք, քան նախորդ 10 տարին միասին վերցված: «Սա ապացուցված վիճակագրություն է»,- ասաց վարչապետը:
Նրա խոսքով՝ 2020 թ. պատերազմի ժամանակ Սու-30-ները չեն օգտագործվել միայն մի պատճառով՝ որովհետև ձեռք են բերվել ոչ վաղ անցյալում և ֆիզիկապես պատրաստ չեն եղել կիրառության:
Ինչ վերաբերում է 44-օրյա պատերազմի ելքին, ապա, Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ «մենք պատերազմը պատվել ենք այն պատճառով, որ մեր բանակում գործել է հինգերորդ շարասյուն»:
«Սա իմ համոզմունքն է մի շարք փաստերի վելուծության արդյունքում: Կարծում եմ, որ առաջիկայում այդ փաստերն այնքան հրապարակային կլինեն, որ այս իմ արած հայտարարությունն այնքան տարօրինակ չի թվա: Մյուս կողմից էլ՝ եկեք մի փաստ արձանագրենք. այսօրվա դրությամբ ԶՈՒ 50-ից ավելի զինծառայողներ, այդ թվում բարձրաստիճան սպաներ, մեղադրվում են լրտեսության, պետական դավաճանության մեջ:
Հողեր հանձնելու մեղադրանքով մեզ մոտ բարձրաստիճան զինվորականներ կան կալանքի տակ, մեզ մոտ բարձրաստիճան զինվորական կա, որը մեղադրվում է Շուշիի գործով, և երբ դատարանը որոշեց, որ կալանավորի, ինձ համար զարմանալի բան տեղի ունեցավ. մեկ էլ ամենատարբեր մարդիկ Հայաստանից, ԼՂ-ից դատաիրավական համակարգին միջնորդություններ են ներկայացնում, որ մարդկանց կալանքից ազատենք, ներողամիտ վերաբերվենք:
Իմ ռեակցիան, երբ որ ես իմացել եմ, հետևյալն է. դուք չէի՞ք ասում, որ պետք է պարզաբանվի՝ ինչ է եղել ռազմի դաշտում, ինչու է ընկել Շուշին»,- ասաց վարչապետը: