Արդարադատության միջազգային դատարանի վճիռները կյանքի կոչելու գործիքակազմը քաղաքական է՝ նշեց արդարդատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ անդրադառնալով փաստին, որ արդեն 20 օր է` Ադրբեջանը չի կատարում Լաչինի միջանցքը բացելու Հաագայի դատարանի որոշումը:
Գրիգոր Մինասյան (ՀՀ արդարադատության նախարար) - Ի տարբերություն ներպետական դատարանների, երբ կա դատարանի վճիռ, որի կատարման համար ուղարկում է Հարկադիր կատարման ծառայություն, և կա պետական մարմին, որը ստիպում է այս կամ այն վճիռը կատարել: Նման միջազգային ատյանների կողմից կայացրած վճիռների ստիպողական գործիքակազմը քաղաքական է։ Եվ մեր միջազգային գործընկերները, մասնավորապես` Եվրոպայի խորհուրդը, արդեն իր քաղաքական գործիքակազմն է կիրառում, ճնշում է, որպեսզի կողմը կատարի այն պարտավորությունները, որոնք դրվել են իր վրա:
Թե կոնկրետ ինչ գործիքակազմի մասին է խոսքը՝ նախարարը չմանրամասնեց: Հայաստան-Ադրբեջան «խաղաղության պայմանագիրը» դրվելո՞ւ է հանրաքվեի. այդ հարցը նախարարը խոստացավ քննարկել սահմանադրական բարեփոխումների շրջանակում՝ հանձնաժողովում ընդգրկված տարբեր կառույցների ներկայացուցիչների ու մասնագետների հետ:
ԴԱՏԱՎՈՐԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՔՆՆԱԴԱՏԵԼ ԱՅԼ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌԸ. ՄԻՆԱՍՅԱՆ
Դատավորների վեթինգի հարցը ևս քննարկվում է սահմանադրական բարեփոխումների համատեքստում. գործող Սահմանադրությունը դրա հնարավորությունը չի տալիս՝ պարզաբանեց նախարարը: Կարգապահական վարույթների միջոցով են արձագանքում դատավորների խախտումներին:
Նախարարն անդրադարձավ դատավոր Զարուհի Նախշքարյանի գործին: Բարձրագույն դատական խորհուրդը փետրվարի 28-ին միաձայն դադարեցրեց նրա լիազորությունները՝ այլ դատավորի վերաբերյալ ԲԴԽ ակտը կասկածի տակ դնելու պատճառով:
Գրիգոր Մինասյան - Դատավորը չի կարող քննադատել այլ դատարանի վճիռն ու գործունեությունը։ Դա նախատեսված է ոչ միայն մեր դատական օրենսգրքով, այլև միջազգային նորմերով։ Չկան յուրային և ոչ յուրային դատավորներ:
ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐ ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ. ՄԻՆԱՍՅԱՆԸ՝ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ
Համավարակի ընթացքում չարաշահումներ կատարելու դեպքով նախաձեռնված քրեական վարույթն էլ հաստատում է, որ Հայաստանում առհասարակ չկան յուրայիններ կամ այլ երաշխիքներ ունեցողներ: Սա Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի ու ևս 10 անձանց վերաբերող քրեական վարույթի մասին արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի դիտարկումն է: Նա ընդգծում է՝ Կոռուպցիայի դեմ պայքարն անզիջում է: ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի՝ այս հարցով քննադատական գրառումնիերին ծանոթ է նախարարը:
Գրիգոր Մինասյան - Ես հավատում եմ, որ պետության կայացման հենասյուներից են մրցակցությունը պետական մարմինների միջև, քաղաքական գործիչների ազատ արտահայտման երաշխավորումը։ Դրա շրջանակում նորմալ է, որ մարդն ունի իր պատկերացումն ու դժգոհությունը, մանավանդ որ իրեն, կարծես թե, որպես անձի, այս գործն առնչվում է։ Ուստի նորմալ է, որ ազատ խոսքի շրջանակում արտահայտվի, և եթե դժգոհություն ունի, բարձրաձայնի։
Նախարարը հաստատեց՝ դատական գործերը ձգձգվում են, դա պայմանավորված է դատավորների սակավությամբ: Բացը լրացնելու համար, ասաց, Կառավարությունը քայլեր է ձեռնարկում՝ աշխատավարձի բարձրացումից մինչև շենքային պայմանների բարելավում:
Հեղինակ` Իրինա Մկրտչյան