Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունները պետք է հնարավորինս արագ կարգավորվեն՝ հաշվի առնելով Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականությունը։
«Մեզ համար կարևոր է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև վաղեմի հակամարտությունը խաղաղ լուծում գտնի։ Պետք է պաշտպանվեն նաև երկու երկրի քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները՝ միջազգային իրավունքին համապատասխան։ Գերմանիան պատրաստ է տրամադրել իր աջակցությունը»,- նշել է կանցլերը:
Շոլցը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին անկայուն իրավիճակի և «լարվածության աճի վտանգի» կապակցությամբ։ Նրա խոսքով՝ Բեռլինն աջակցում և ողջունում է Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության տեղակայումը:
Ալիևն իր հերթին հույս է հայտնել, որ Հայաստանը, նրա խոսքով, «բաց չի թողնի խաղաղության պայմանագիր կնքելու հնարավորությունը»։