Այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի կալանավորմանը:
«Մտածում եմ, որ գործը կհասնի դատաքննության փուլի, որովհետև ես գիտեմ իրավապահ մարմինների ձգտումը, որ եթե կա տեսանելի հավանականություն, որ գործը դատարանի ճանապարհին կամ դատարանում կարող է փլուզվել, ավելի լավ է՝ այդ գործը չսկսել»,- ասաց Փաշինյանը:
Նա ավելացրեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի և իրավապահ համակարգի կայացման առումով բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ:
Հիշեցնենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Սիմոնյանը, 2020-2022 թթ. ընթացքում զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:
Մարտի 12-ին դատարանի որոշմամբ Սիմոնյանը երկու ամսով կալանավորվել է։