Ամուլսարի ազդակիր համայնքները պետք է հստակեցնեն, թե ինչ ծրագրեր են պատրաստվում իրականացնել հատկացվելիք հավելյալ գումարով: Շաբաթներ առաջ Հայաստանի կառավարության, «Լիդիան Արմենիայի» և «Եվրասիական զարգացման բանկի» միջև փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց, որից հետո հայտարարվեց՝ առաջիկա ամիսներին շինարարություն կընթանա, այնուհետև` մոտ 18 ամսից, նախատեսվում է հանքի շահագործումը: Պետությունը հանքի 12,5 տոկոս մասնաբաժին ստացավ, իսկ ազդակիր Ջերմուկ, Վայք և Սիսիան համայնքները միասին տարեկան 7 մլն դոլար կստանան: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում օրեր առաջ հանդիպում է եղել ազդակիր համայնքների ղեկավարների հետ:
Հովհաննես Հարությունյան (ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ) - Պետք է նշեմ, որ Ջերմուկ, Վայք համայնքների բյուջեները 700 մլն դրամից մի քիչ ավելի են, իսկ Սիսիանինը մի փոքր ավել է, և եթե գումարային ուզում ենք համեմատենք այդ 7 մլն դոլարի հետ, համարյա թե հավասար գումար է ստացվում, որ պետք է փոխանցվի համայնքներին: Սրանով համայնքները կունենան լրացուցիչ ֆինանսական հզորությունների ավելացում և կկարողանան ավելի շատ ծրագրեր իրականացնել իրենց համայնքներում, սուբվենցիոն ծրագրեր կկարողանան իրականացնել, ինչպես նշեցի, սոցիալ-տնտեսական ծրագրեր կարող են իրականացվել, որով էլ համայնքներում կյանքը և՛ կփոխվի, և՛ զարգացում կապրի:
Ազդակիր համայնքներին «Լիդիան Արմենիա»-ն մինչ այս էլ որոշակի գումար հատկացրել է: Նախարարի տեղակալը վստահ է՝ նոր հատկացումները տեղի բնակչության կենսամակարդակի վրա էական ազդեցություն կունենան:
Հովհաննես Հարությունյան - Այսինքն՝ մարդիկ կարողանալու են իրենց ավելի շատ բան թույլ տալ, քան այսօր, և, իհարկե, կկարողանան նաև` սկսած իրենց բնակարանային պայմանները լավացնելուց, վերջացրած տարբեր-տարբեր հարցերով:
Ազդակիր Ջերմուկ և Վայք համայնքներն աչքի տակ արդեն մի քանի ծրագրեր ունեն, որոնք պատրաստվում են հանքը շահագործելիս հատկացվող գումարով իրագործել, նշում է Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը:
Արարատ Գրիգորյան (ՀՀ Վայոց ձորի մարզպետ) - Դա ուղղված է խոշորացված համայնքներում, առանձին գյուղերում ջրագծերի նոր անցկացմանը, խմելու ջրի, ոռոգման ջրի, սպորտային, մշակութային կենտրոնների վերանորոգմանը: Բազմաթիվ ծրագրեր ունենք: Եթե մենք կարողանանք էս պրոյեկտների շրջանակներում իրականացնել մեր նախագծած ծրագրերը, կարծում եմ, որ շուտով կունենանք էապես փոփոխված համայնքներ:
Մարզպետը լիահույս է, որ 7 մլն դոլար հատկացումից բացի՝ հարյուրավոր աշխատատեղեր կստեղծվեն:
Արարատ Գրիգորյան - Արդեն մարզերի ժողովրդի մոտ սկսվել է աշխուժություն, բոլորը ցանկանում են գնալ, գրանցվել, ամեն մեկն իր մասնագիտական ունակությունների համապատասխան փորձում է «Լիդիան Արմենիա» ընկերությունում աշխատանք գտնել: Աշխատատեղերի մասով ասեմ, որ առաջնահերթությունը տրվելու է ազդակիր համայնքներին և մարզի ժողովրդին:
Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի գնահատմամբ` այսպիսի խոշոր նախագծերը նաև կանխում են մարզերից արտագաղթը:
Վիլեն Խաչատրյան (ՀՀ ՊԿԱ կառավարման ամբիոնի վարիչ) - Կա նաև բնապահպանական միգրացիայի տեսակ, բնականաբար, կարծում եմ, պահպանելով նորմերը, բնապահպանական միգրացիայի մենք չենք բախվի, իսկ ինչ վերաբերում է արտագաղթին, ապա, եթե բնապահպանականը չկա, այդ գործոնն ընդհանրապես վերանում է, և լրացուցիչ աշխատատեղերն ավելանում են:
Խաչատրյանը դրական է գնահատում նաև հանքի բաժնեմասերում պետությանը մասնակից դարձնելը, նշում է՝ սա պետություն և մասնավոր գործընկերության լավ տարբերակ է:
Վիլեն Խաչատրյան - Պետությունը նման գործընթացներում հատկապես բնապահպանական տեսանկյունից ունի գործառույթ: Իսկ մյուս կողմից բաժնեմաս ունենալով և հատկապես զգալի բաժնեմաս ունենալու պարագայում պետությունը կարողանում է նաև կառավարման և կազմակերպական հարցերի մեջ իր ներգրավվածությունն ունենալ:
Ըստ էկոնոմիկայի նախարարության հաշվարկների` հանքի շահագործումը Հայաստանի ՀՆԱ-ն կավելացնի 1 տոկոսով:
Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան