2018 թվականի ընտրություններում մենք ստանձնել ենք պարտավորություններ: Ես 2017 թվականի Երևանի քաղաքապետի ընտրություններում եղել եմ «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածուն: Մեր նախընտրական ծրագիրն այդ ժամանակից ուժի մեջ է, և երբ հաղթել ենք քաղաքապետի ընտրություններում, իրագործել ենք մեր նախընտրական ծրագրերը: Կարծում եմ, որ բավականին հաջող ենք կատարում այդ խոստումները: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
Վարչապետը նշեց՝ օրեր առաջ հրապարակում է տեսել, որ ընտրություններից տարիներ անց Երևանում դեռևս «հուսահատության գազելներ» կան:
«Վերնագիրը տեսա, բովանդակությունը չհասցրի կարդամ: Հույս ունեմ, որ այդ հոդվածի մեջ գրված է, որ 2018 թվականից մինչև օրս երևանում շրջանառությունից դուրս է բերվել 1000 «հուսահատության գազել», և դա ընդհանուր «գազելների» թվի 70 տոկոսն է, այն մյուս «գազելներն» առաջիկայում նույնպես շրջանառությունից կհանվեն:
Դուք գիտեք, որ ավտոբուսների խմբաքանակները Երևանում են, և գալիս են, և առաջիկայում երթուղի դուրս կգան:
Հույս ունեմ, որ այդ հրապարակման մեջ գրված է. որ այսօրվա դրությամբ հազարից ավելի «մահվան վերելակներ» փոխարինվել են լրիվ նոր վերելակներով, և դա եղել է 2017 թվականին իմ՝ որպես Երևանի քաղաքապետի թեկնածուի կարևորագույն դրույթները»,- ասաց վարչապետը:
Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե կոռուպցիոն բացահայտումները շատացել են, Փաշինյանի խոսքով՝ դա կարող է նշանակել, որ կոռուպցիոն դեպքերն ավելացել են:
«Գիտեք, 2019 թվականին, ցավով եմ ասում, մեր քաղաքական թիմի անդամ կար կալանավորված կոռուպցիոն մեղադրանքով, այսօր մեղադրյալի կարգավիճակ ունեն իմ կողմից կամ իմ առաջարկությամբ նշանակված բարձրաստիճան պաշտոնյաներ։ Սա վկայում է, որ մեր պայքարը կոռուպցիայի դեմ լինելու է անկոմպրոմիս: Հայաստանում համակարգային կոռուպցիա, հաստատում եմ՝ չկա, որովհետև եթե համակարգային կոռուպցիա լիներ, այդ բացահայտումները չէին լինի»,- ասաց նա:
Վարչապետի համոզմամբ՝ Հայաստանում իրավական համակարգում ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնի հորինված գործ ստեղծել:
«Այսօր Հայաստանի Հանրապետությունում որևէ մեկի դեմ գործ սարքել ուղղակի հնարավոր չէ: Բազմաթիվ պատճառներից մեկն այն է, որ մեր իշխանությունն իսկապես առաջնորդվում է արժեքներով. ինչքանով հաջող, ինչքանով անհաջող՝ դա երկրորդ խնդիրն է, բայց որ առաջնորդվում է արժեքներով՝ ակնհայտ է: Այսօր իրավական, դատական համակարգում աշխատում են մարդիկ, որոնք այնքան սկզբունքային են, որ նրանց գործունեության պայմաններում որևէ մեկի վրա գործ սարքել հնարավոր չէ: Նախ՝ այդ հրահանգը չի լինի, 2-րդը՝ հրահանգը լինի, կատարող չի լինի»,- ասաց վարչապետը: