Անհանգիստ աշխարհում ընթանում են անվտանգային բարդ գործընթացներ, և մեր տարածաշրջանը նույնպես գտնվում է այդպիսի իրավիճակում: Դուք նույնպես այդ գործընթացների մեջ եք կառավարում Իրաքի Հանրապետությունը: Այդ առումով մենք ունենք միասնական անցնելիք ճանապարհ, աշխարհն ավելի հանգիստ տեսնելու նպատակներ: Խաղաղության հասնելու համար մենք միասնաբար պետք է անցնենք այս բարդ ճանապարհը: Այս մասին այսօր ասել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն Իրաք-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ հանդիպման ընթացքում:
Նա բարձր է գնահատել բարեկամական խմբերի գործունեությունը և միջխորհրդարանական գործակցությունը, որոնք լրացնում են երկու երկրների կառավարությունների ջանքերը: Անդրանիկ Քոչարյանն ասել է, որ Հայաստանը շահագրգիռ է Իրաքի հետ հարաբերությունների զարգացման և խորացման գործում՝ ընդգծելով, որ երկկողմ հարաբերություններում դեռևս առկա է չիրացված մեծ ներուժ:
«Որպես Իրաքի Ներկայացուցիչների պալատի հայ-իրաքյան բարեկամական խմբի անդամներ՝ ձեզ ենք մեկնում մեր բարեկամական ձեռքը՝ ակնկալելով համագործակցություն բոլոր բնագավառներում»,- ասել է Իրաք-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մոհամմեդ Սադիկ Մոհամմեդը:
Նա հույս է հայտնել, որ բարեկամական խմբերի միջև ջերմ հարաբերություններն ավելի կամրապնդվեն ակտիվ շփումների և համագործակցության արդյունքում:
Կողմերն ընդգծել են երկու երկրների միջև առևտրատնտեսական, զբոսաշրջության, մշակութային ոլորտներում կապերի խորացման անհրաժեշտությունը:
«Խաղաղության պայմաններում մենք կարող ենք մտածել ժողովուրդների բարեկեցության ու առաջընթացի մասին»,- ասել է Անդրանիկ Քոչարյանը՝ խոսելով երկու հին ժողովուրդների պատմության և նմանությունների մասին: Նա անդրադարձել է Իրաքի հայ համայնքին՝ նշելով, որ համայնքը սերտ կապ ունի Հայաստանի հետ:
«Համաձայն մեր Սահմանադրության՝ մենք մերժում ենք որևէ երկրի նկատմամբ ագրեսիայի կիրառումը և այլ երկրի ներքին գործերին միջամտությունը: Իրաքը քաղաքակրթությունների, դավանաբանական տարբեր խմբերի և կրոնների երկիր է: Եվ այժմյան Իրաքը, որն ունի 49 մլն բնակչություն, բացառել է որևէ տեսակի դավանաբանական խտրականությունները ժողովուրդների միջև»,- ասել է Իրաք-Հայաստան բարեկամական խմբի անդամ Տալիբ Խալիլը:
Անդրադարձ է կատարվել ազգային փոքրամասնություններին և նրանց իրավունքների պաշտպանությանը:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը, հանձնաժողովի անդամ Գուրգեն Մելքոնյանը և Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանը: