Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիրսթի Նարինենին (նստավայրը՝ Հելսինկի):
Նախագահ Խաչատուրյանը ողջունել է դեսպանին և նշել, որ ուրախ է նրան տեսնել Հայաստանում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի բարեկամական հարաբերությունների ընդլայնմանն, երկկողմ հետաքրքրություններ ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խորացնելուն ուղղված հարցեր:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ընդհանուր իրադրությանը և Լաչինի միջանցքի շրջափակման խնդրին:
Նախագահը նշել է, որ Ադրբեջանն ամեն կերպ խուսափում է կատարել Հաագայի դատարանի որոշումը, որով դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով:
Նախագահն ընդգծել է, որ դա ամբողջովին անընդունելի դիրքորոշում է: Երկուստեք շեշտվել է հումանիտար միջանցքի բնականոն գործունեությունն օր առաջ վերականգնելու հրամայականը: