ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը նշել է, որ Ասիական զարգացման բանկը մշտապես եղել և մնում է ՀՀ կառավարության վարած բարեփոխումներն ուղեկցող կարևորագույն գործընկերներից մեկը:
Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է նաև ԱԶԲ-ի հետ ունեցած համատեղ ծրագրերի ընթացքին՝ կարևորելով ինչպես խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի, այնպես էլ հանրային և մասնավոր հատվածում գիտելիքի և փորձի փոխանակմանն ուղղված նախաձեռնությունների շարունակական ապահովման անհրաժեշտությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ԱԶԲ-ի՝ Հայաստանի հետ նախանշած և մշակման փուլում գտնվող նոր ռազմավարության հիմնական ուղղությունների շուրջ:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Պաոլո Սպանտիգատին նշել է, որ Ասիական զարգացման բանկը պատրաստ է շարունակել օժանդակությունը ՀՀ կառավարության նախաձեռնություններին՝ ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, առողջապահության, կրթության և այլ ոլորտներում: