ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԲԱՔՎՈՒՄ
Ադրբեջանի Սաաթլինի շրջանի Նաբաթքենդ և Օրթա Մուղան գյուղերի բնակիչները երեկ փորձել են փակել դեպի Բաքու տանող ավտոճանապարհը: Մարդիկ բողոքել են ջրի պակասից։
Տեղի բնակիչները պնդում են՝ արդեն երկար ժամանակ է՝ գյուղատնտեսական նշանակության հողերը ջուր չեն ստանում, և բոլոր ցանքատարածություններն այրվել են։
Ոստիկանությունը ուժ է կիրառել ցուցարարների նկատմամբ, կան տուժածներ: Ռետինե փամփուշտներից վնասվածքներ ստացած անձինք հոսպիտալացվել են, 10 մարդ ձերբակալվել է:
Վերջին ամիսներին ջրամատակարարման լուրջ խնդիրներ են նկատվում նաև Բաքվում:
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ Է
Ադրբեջանի նախագահը Գերմանիայում է: Բեռլինում նա հանդիպել է գերմանական ընկերությունների ղեկավարների հետ։ Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել արդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության, կրթության, տեխնոլոգիաների և այլ ոլորտներում գործակցությունը խորացնելու շուրջ: Ալիևը նշել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին մեծացել է Ադրբեջանի տրանսպորտային ենթակառուցվածքների պահանջարկը, 2022 թվականին Ադրբեջանով ապրանքների տարանցումը աճել է ավելի քան 75%-ով։
Նա հիշեցրել է, որ Ադրբեջանը նավթ և նավթաքիմիական ապրանքներ է մատակարարում եվրոպական շատ երկրների։ Ալիևի խոսքով՝ որոշ երկրներ արդեն ավելի քան 2 տարի էլեկտրաէներգիա և բնական գազ են ստանում Ադրբեջանից։
«Եվրոպայում բնական գազի աճող պահանջարկի ֆոնին այժմ մտադիր ենք ընդլայնել մեր խողովակաշարի թողունակությունը: TANAP-ի հզորությունը 16 միլիարդից կհասցվի 32 միլիարդ խորանարդ մետրի, TAP-ի հզորությունը՝ 10 միլիարդից՝ 20 միլիարդ խորանարդ մետրի»,- ընդգծել է Ալիևը, հավելել՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Ադրբեջանը 10-ից ավելի եվրոպական երկրից ստացել է գազի մատակարարման առկա ծավալներն ավելացնելու հարցումներ։
ՀԵՌԱԽՈՍՈՎ ԶՐՈՒՑԵԼ ԵՆ ՌԴ ԵՎ ԻԻՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ
Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել, քննարկել, մասնավորապես, տարածաշրջանում և Ուկրաինայի շուրջ վերջին զարգացումները։ Իրանական կողմի տարածած հաղորդագրության համաձայն՝ Աբդոլլահիանն «ընդգծել է Թեհրանի սկզբունքային դիրքորոշումը»՝ հարկավոր է կենտրոնանալ հակամարտությունը «երկխոսության միջոցով լուծելու» վրա։
Լավրովը «ողջունել է դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասով Իրանի և Սաուդյան Արաբիայի ձեռք բերած համաձայնությունը»։ Նա նաև նշել է՝ Մոսկվան պատրաստ է շարունակել զարգացնել հարաբերությունները Իրանի հետ:
«Նախարարները բարձր են գնահատել երկուր երկրի միջև առևտրի ռեկորդային մակարդակը՝ չնայած Ռուսաստանի և Իրանի դեմ ոչ լեգիտիմ միակողմանի պատժամիջոցներին»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
ԵՄ-Ն 6 ԱՄՍՈՎ ԵՐԿԱՐԱՁԳԵԼ Է ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ
Եվրամիությունը հերթական անգամ 6 ամսով երկարաձգել է հակառուսական պատժամիջոցների գործողության ժամկետը՝ ասված է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ։ Նշվում է, որ դրանք վերաբերում են 1,500 ֆիզիկական և 205 իրավաբանական անձի, որոնք կապ ունեն ռուս-ուկրաինական պատերազմի հետ։
«Որոշումն ընդունվել է առանց քննարկման։ Եվրամիությունը Ռուսաստանի հետ կապված սև ցուցակը կազմել է դեռ 2014 թվականի մարտին։ Այս ցուցակում ընդգրկված բոլոր անձանց արգելվում է մուտք գործել Միության տարածք, նրանց ֆինանսական ակտիվները ԵՄ տարածքում ենթակա են սառեցման, իսկ եվրոպական բիզնեսներին արգելվում է նրանց հետ որևէ կապ պահպանել»,- ասված է փաստաթղթում։
ԱՄՆ-Ն ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է 28 ՄԼՐԴ ԴՈԼԱՐՈՎ ԱՎԵԼԱՑՆԵԼ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ
ԱՄՆ Կոնգրես է ուղարկվել 2024 թվականի ֆինանսական տարվա 886 միլիարդ դոլարի պաշտպանական բյուջեի նախագիծը։ Նշվում է, որ պաշտպանական ծախսերը նախորդ տարվա համեմատ 28 միլիարդ դոլարով ավելացնելու անհրաժեշտությունը պայմանավորված է նաև ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին ռազմական ծախսերի պահանջարկով: Ըստ նախագծի՝ հաջորդ տարի Ուկրաինային աջակցության համար նախատեսվում է առանձնացնել 300 մլն դոլար:
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2024 թվականին ԱՄՆ նախագահի պաշտոնում վերընտրվելու դեպքում Ուկրաինային ամերիկյան աջակցության չափը «մեծապես կախված կլինի» Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման արդյունքից։ Նրա խոսքով՝ պատերազմի համար պետք է վճարի Եվրոպան: