Ինչպես ավելի վաղ
հայտնել էինք, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Բահրեյնում մասնակցում է Միջխորհրդարանական միության (IPU) վեհաժողովին, որը նվիրված է խաղաղության և անվտանգության հարցերին:
Վեհաժողովին ելույթներից հետո ԱԺ նախագահից
հարցազրույց էր խնդրել ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը, որի հարցերին պատասխանել էր Սիմոնյանը։
ԱԺ նախագահը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, թե մինչ այժմ այդ հարցազրույցից որևէ կտոր չի հրապարակվել:
«Բահրեյնում ելույթիցս հետո ինձ մոտեցան ադրբեջանցի լրագրողները և խնդրեցին պատասխանել երկու հարցի: Ի պատասխան՝ ասացի, որ, միևնույն է, չեք ցուցադրելու:
- Չէ, չէ, ի՞նչ եք ասում, REAL TV-ն հաստատ կցուցադրի,- պատասխանեց ինձ լրագրողը:
Հարցրին կրակոցների մասին, որի հետևանքով ԼՂ երեք ոստիկան էր զոհվել:
Ասացի՝ մարդկանց կյանքի հետ մի՛ խաղացեք, մենք զենք ԼՂ չենք տեղափոխում, իզուր մի՛ փնտրեք:
Երկրորդ հարցը վերաբերում էր ականներին: Պատասխանեցի, որ նույնիսկ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն է արձանագրել, որ նման բան չկա:
Մինչ հիմա ոչ մի կտոր այդ հարցազրույցից հրապարակված չէ:
Փոխարենը ձոն է հնչում, թե ինչպես Սագիբա Գաֆարովան՝ Միլի մեջլիսի նախագահը, բացահայտեց ՀՀ ԱԺ նախագահի ստերը, որ իրականում Լաչինի միջանցքը բաց է, և որ հայերը 30 տարի օկուպացրել էին իրենց տարածքները և այլն, և այլն: Կարճ ասած՝ հին ադրբեջանական սկավառակի նոր պրեզենտացիա: