ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2024 թվականին ԱՄՆ նախագահի պաշտոնում վերընտրվելու դեպքում կփրկի երկիրը երրորդ համաշխարհային պատերազմից։
Նրա կարծիքով՝ ներկայիս վարչակազմը սխալ քաղաքականություն է վարում, ինչն անխուսափելիորեն տանում է դեպի լայնամասշտաբ հակամարտություն: Նախկին նախագահը նաև զգուշացրել է՝ պատասխանատվության կենթարկի Չինաստանին կորոնավիրուսի ենթադրյալ տարածման համար և կհրաժարվի առաջին անհրաժեշտության չինական ապրանքների ներմուծումից:
Fox News-ին տված մեկնաբանությունում էլ Թրամփը հավատացրել է, որ նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում Ուկրաինային ամերիկյան աջակցության չափը «մեծապես կախված կլինի» Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման արդյունքից։ Նա հավելել է՝ պատերազմի համար պետք է վճարի Եվրոպան: