Անդրադառնալով ընդդիմադիր դաշտից տարածված փաստաթղթին, որն իբրև թե խաղաղության պայմանագրի փաստաթուղթն է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ կցանկանար՝ թերահավատորեն վերաբերվեինք այն արտահոսքերին, որոնք վերաբերում են կոնֆիդենցիալության ոլորտին:
«Շատ դեպքերում կարող են ինչ-որ մի А4 թուղթ հրապարակել և ասել, որ սա է, սա է, և շատ դեպքերում կարող է Կառավարությունը սահմանափակված լինել այդ թղթերի վերաբերյալ տեղեկություններին արձագանքելուց, որովհետև ստիպված պետք է լինի հետագայում այլ մանրամասներ բացահայտել դա հիմնավորելու համար, իսկ այդ մանրամասնությունը բացահայտելն արտաքին հարաբերությունների ոլորտում խնդիրներ է առաջացնում»,- ասաց վարչապետը:
Նա հիշեցրեց, որ ՀՀ-ը և Ադրբեջանը Պրահայում պայմանավորվել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը:
«Ես ուզում եմ՝ մենք պարզ լինենք: Ինչո՞ւ ենք մենք ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Որովհետև եթե մենք դա չենք ճանաչում, Ադրբեջանն էլ չի ճանաչում մեր տարածքային ամբողջականությունը: Այլ խնդիր է, որ երբ մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինքը փորձում է այլ դռնով կամ խողովակով ՀՀ տարածքային ամբողջականությունը չճանաչելուն ուղղված գործողություններ իրականացնել»,- նշեց վարչապետը: