ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Facebook-ի իր էջում տեղեկացրել է Լաչինի միջանցք այցելելու մասին:
«Սա Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է։ Նախորդ տարվա դեկտեմբերին այն արգելափակվել էր ադրբեջանցիների կողմից։ Այդ ժամանակից ի վեր ոչ մի քաղաքացիական կամ կոմերցիոն տրանսպորտ չի կարողացել հասնել Լեռնային Ղարաբաղ։ Արդյունքում մոտ 120 000 բնակիչ մնացել է առանց առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների, ներառյալ՝ կենսական նշանակության դեղերի և բժշկական օգնության հասանելիությունը:
Եվրոպան չի կարող աչք փակել մեր սահմաններին տեղի ունեցող հումանիտար ճգնաժամի վրա։ ԵՄ-ն պետք է օգտագործի իր հարաբերություններն Ադրբեջանի հետ և մղի նրան՝ վերացնելու շրջափակումը և կատարելու միջազգային պարտավորությունները։ Եթե մենք դա չանենք, հումանիտար իրավիճակը կարող է վերածվել հումանիտար աղետի»,- գրել է Ռասմուսենը։