Այսօրվա ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց ԼՂ ժողովրդի՝ սեփական հայրենիքում ապրելու կամքը:
«Ադրբեջանը փորձում է կոտրել ԼՂ ժողովրդի՝ իր հայրենիքում ապրելու կամքը: Եթե այդ կամքը մնաց ամուր և անսասան, դա է բոլոր հետագա իրադարձությունների հիմքը»,- ասաց Փաշինյանը:
Նույնը, Փաշինյանի խոսքով, վերաբերում է նաև Հայաստանի ժողովրդին:
«Եթե որևէ մեկը մտածում է, որ անկախ պետություն ունենալու Հայաստանի ժողովրդի կամքը կարելի է կոտրել, ես այդպես չեմ մտածում: Պետք է մեր կամքը ի ցույց դնենք անկախ, ինքնիշխան պետություն ունենալու վերաբերյալ: Այս կամքն է ամենակարևորը, մնացածը լուծվող հարցեր են:
Շատ կարևոր է, որ մենք նկատենք անկախ, ինքնիշխան պետություն ունենալու կամքը թուլացնելուն ուղղված այն գործողությունները, որոնք բոլոր դեպքերում ունեն արտաքին աղբյուր: Հայաստանի ներսում այդպիսի աղբյուր չկա: Եթե Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի ներսում կան նման դրսևորումներ, դրանք ունեն միայն արտաքին աղբյուր: Մենք՝ որպես պետություն և հասարակություն, պետք է ի վիճակի լինենք այդ երևույթները գնահատելու»,- ասաց նա: