Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ուկրաինայի զինված ուժերի Գլխավոր շտաբի հերթական նիստն է գումարել, որի ընթացքում քննարկվել են Բախմուտում զարգացումները, որտեղ այժմ ամենաթեժ մարտերն են:
«Շտաբի բոլոր անդամները միասնական դիրքորոշում են հայտնել՝ Բախմուտ քաղաքի պաշտպանությունը շարունակվում է»,- ասված է երկրի ղեկավարի աշխատակազմի հաղորդագրության մեջ։
Անդրադարձ է եղել նաև առաջնագծում իրավիճակին և Ուկրաինայի գործընկերներ երկրներից զենքի մատակարարման տեմպերին ու ծավալներին:
Ավելի վաղ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը տեղեկացրել էր, որ ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Բախմուտի արևելյան հատվածի նկատմամբ, մարտերը շարունակվում են:
Փոխվարչապետ Իրինա Վերեշչուկն էլ հայտնել է, որ այժմ Բախմուտում 4000-ից պակաս խաղաղ բնակիչ է մնացել, մնացածը տարհանվել են։ Նրա խոսքով՝ պատերազմից առաջ Բախմուտում ապրում էր ավելի քան 70 հազար մարդ։