Այսօրվա ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի վերաբերյալ հարցին:
«Երեկվա մեր խոսակցությունը ՌԴ նախագահի հետ նվիրված է եղել հիմնականում ԼՂ-ում էսկալացիայի վտանգին: Ես ուղղակի փոխանցել եմ իմ տեղեկատվությունը, իմ տպավորությունները: Նաև ընդգծել եմ, որ կարծում եմ՝ խնդիրներ կան ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում:
Ինձ համար ամենակարևոր խնդիրը Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների համատեքստում այն է, որ անսպասելի բան է տեղի ունեցել ԼՂ-ում, երբ ռուս խաղաղապահ զորախմբի կենտրոնակայանի դիմաց տեղի է ունեցել ԼՂ բնակիչների բողոքի ակցիա, դա տեղի է ունեցել ոստիկանության ծառայողների սպանություններից հետո:
Դա նույնպես տեղի է ունեցել ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում: Հարկ եմ համարել այդ մտահոգությունները փոխանցել ՌԴ նախագահին»,- ասաց Փաշինյանը:
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը երեկ հեռախոսազրույց էր ունեցել Վլադիմիր Պուտինի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել էր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում շարունակվող հումանիտար ճգնաժամը: