Այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց Ադրբեջանի շարունակվող ագրեսիվ հռետորաբանությունն ու քաղաքականությունը և նշեց, որ այն աճել է 2020 թվականի պատերազմից առաջ ու դրանից հետո:
«Հիմա շատ մեծ է էսկալացիայի հավանականությունը և՛ Հայաստանի սահմանի երկայնքով, և՛ ԼՂ-ում: Իմ եզրակացությունը Ադրբեջանի ավելի ու ավելի ագրեսիվ դարձող հռետորաբանությունից է, և, իհարկե, կան որոշակի այլ տվյալներ»,- ասաց Փաշինյանը:
Հայաստանի վարչապետն անդրադարձավ նաև զսպման մեխանիզմներին:
«Համոզված ենք և 100 տոկոսով գիտենք՝ ՀՀ-ն չէ, որ նախաձեռնում է ագրեսիվ գործողություններ և էսկալացիա: Սա է պատճառը, որ ՀՀ-ն որոշում կայացրեց հրավիրել ԵՄ դիտորդներին:
2020 թվականից առաջ ու հետո Ադրբեջանը ցանկացած էսկալացիա բացատրում էր Հայաստանի գործողություններով: Մենք, հասկանալով, որ այդպիսի հարցեր ենք ստանում նաև ԵՄ մեր գործընկերների կողմից, ասացինք՝ մենք դեմ չենք, եթե դուք դիտորդներ ուղարկեք, որպեսզի դուք մեր և Ադրբեջանի տեղեկատվությունը ծանրութեթև անելու անհրաժեշտություն չունենաք:
2022 թվականի հոկտեմբերին Պրահայում նախնական պայմանավորվածությունն այն էր, որ ԵՄ դիտորդներ պետք է լինեն շփման գծի 2 կողմերից: Ընդ որում՝ Ադրբեջանի նախագահը Ֆրանսիայի նախագահի և Եվրամիության խորհրդի նախագահի ներկայությամբ համաձայնեց, բայց հետագայում հրաժարվեց այդ տարբերակից: Այնտեղ տարբեր թեմաներ շոշափվեցին, նույն ընթացքում Ադրբեջանը մեզ մեղադրում էր ԼՂ-ում զինված ուժեր կամ բանակ ունենալու մեջ: Ես ասեցի, որ մենք, ինչպես հայտարարել ենք, ԼՂ-ում բանակ չունենք: Երբ Ադրբեջանի նախագահն ասում էր, որ ունեք, ես ասացի՝ շատ լավ, կարծում եմ՝ այս բանավեճը վերջ չունի, կարող ենք անել հետևյալը՝ միջազգային դիտորդներ հրավիրենք ԼՂ, թող իրենք տեղում գնահատեն իրավիճակը և հանդես գան զեկույցով: Դա կլինի այդ հարցի լուծումը: Ադրբեջանը մերժեց այս տարբերակը: Սա կարևոր հանգամանք է՝ հաշվի առնելու, հիմա էլ կարծում եմ, որ միջազգային հանրությունը պետք է արձանագրի, որ շատ մեծ է վտանգը նոր էսկալացիայի: Հաշվի առնելով Լաչինի միջանցքի փակ լինելը և ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի առկայությունը, նաև էթնիկ զտումներ իրականացնելու՝ Ադրբեջանի ակնհայտ նախապատրաստությունները, մեր դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ շատ պատեհ կլինի, որ Լաչինի միջանցք և ԼՂ ուղարկվի միջազգային փաստահավաք առաքելություն»,- ասաց նա: