Այս պահին հանդիպում նախատեսված չէ: Ես երբեք չեմ խուսափել հանդիպումից, բայց, մյուս կողմից, մեր հանդիպումների փորձը ցույց է տալիս, որ պետք է լինեն պայմանավորվածությունների, պարտավորությունների կատարման մասին երաշխիքներ՝ արձագանքելով լրագրողներից մեկի հարցին՝ սպասվո՞ւմ է, արդյոք, Փաշինյան-Ալիև հանդիպում Բրյուսելում, պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եթե Ադրբեջանը բանակցություններն օգտագործում է էսկալացիաներ արդարացնելու համար, դա մեզ համար ընդունելի չէ: Բանակցությունները պետք է կայունության երաշխիք դառնան: Մենք էլ հասկանում ենք, և հրապարակային ասել եմ, որ պատրաստ եմ ինձ վրա վերցնել պատասխանատվություն՝ ստորագրել փաստաթղթեր, որոնք երազանքի փաստաթուղթ չեն լինի, բայց հայացք փախցնելու առիթ չեն տա»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը մտահոգություն հայտնեց բրյուսելյան ձևաչափի հետ կապված, որոնց վերաբերյալ ակտիվ քննարկումներ են եղել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:
«Այդ քննարկումների արդյունքում և ընթացքում և դրանից էլ առաջ մենք ֆունդամենտալ խնդիր ենք տեսել բրյուսելյան ֆորմատի մեջ: Խնդիրը հետևյալն է, որ մենք բազմաթիվ բաներ պայմանավորվել ենք, բայց համարյա ոչինչ չի իրագործվել: Ես 2021 թ. դեկտեմբերի 14-ին բրյուսելյան եռակողմ հանդիպումից հետո ֆեյսբուքյան էջում գրառում արեցի, որ պայմանավորվել ենք, որ Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիս երկաթուղին գործարկում ենք, և երկաթուղին պետք է գործի երկրների օրենքներին համապատասխան, որոնց տարածքով անցնում է: Այսինքն՝ դա ճշգրիտ արտահայտում էր մեր պայմանավորվածությունը: Այս մասին հայտարարություն եմ արել Կառավարության նիստին, մինչև հիմա երկաթուղու շինարարությունը չի վերսկսվել: Ի՞նչն է պատճառը, որ չի վերսկսվել:
Որովհետև ուղիղ մեկ շաբաթ անց, երբ որ արդեն պայմանավորվածությունը պետք է գրավոր ձևով ստորագրվեր, Ադրբեջանը հրաժարվել է այդ պայմանավորվածությունը ստորագրելուց: Բրյուսելյան ֆորմատի հետ կապված մենք տասը, եթե չասեմ՝ տասնյակներով, գոնե տասից ավելի այդպիսի պայմանավորվածություններ ձեռք ենք բերել, որոնք չեն իրագործվել, ներառյալ գերիների ազատ արձակման և վերադարձի վերաբերյալ:
Կա երկրորդ նյուանսը. երբ չկան բանակցություններ, էսկալացիայի վտանգը մեծանում է: Բայց Բրյուսելը մեզ ցույց տվեց, որ կան բանակցություններ, որոնք ոչ միայն չեն նվազեցնում էսկալացիայի վտանգը, այլև ավելացնում են: Ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստին, որ սեպտեմբերի 13-ի լայնածավալ հարձակումը տեղի է ունեցել բրյուսելյան հանդիպումից 13 օր հետո:
Հիմա ո՞րն է մեր վերաբերմունքը. մենք ասում ենք՝ համաձայն ենք այդ ֆորմատով աշխատանքը շարունակելու համար, բայց եկեք, ուրեմն, այն, ինչ պայմանավորվել ենք, սկսենք կետ-կետ իրագործել: Եթե 10-ից ավելի պայմանավորվածություններ կան, որոնք չեն իրագործվում, ի՞նչ իմաստ ունի նոր բան պայմանավորվելու շուրջ աշխատանքներ կատարել: Այդ պայմանավորվածությունները վերաբերել են Լեռնային Ղարաբաղին, սահմանային անվտանգությանը, տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, գերիների ազատ արձակմանը և այլն»,- նշեց վարչապետը:
Նա ընդգծեց, որ ԵՄ միջնորդության հետ կապված՝ առկա է ակնհայտ փաստ:
«Մենք ունեցել ենք Բրյուսելում ոչ այնքան արդյունավետ հանդիպումներ, իսկ Պրահայում քառակողմ ֆորմատով մենք ունեցել ենք թերևս ամենաարդյունավետ բանակցությունները, որոնք կոնկրետ արդյունքով են պսակվել: Հիմա Ադրբեջանն ասում է՝ ես արդյունավետ ֆորմատով պատրաստ չեմ աշխատել, բայց անարդյունավետ ֆորմատով պատրաստ են աշխատել: Ֆրանսիայի միջնորդությունը՝ քառակողմ տրամաբանությունը, Ադրբեջանին դուր չի գալիս, այդտեղ էլ լուծում կա. եկեք հնգակողմ անենք, օրինակ՝ Գերմանիային, ԱՄՆ-ին էլ հրավիրենք. մենք պատրաստ ենք:
Մենք պատրաստ ենք հետագա բանակցային գործընթացին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: