Վերջին անգամ Հայաստան այցելել եմ 2012 թվականին որպես ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար: Այդ ժամանակից ի վեր շատ բան է տեղի ունեցել: Երեկ հանդիպել եմ վարչապետի, ԱԳ նախարարի, պաշտպանության նախարարի հետ և գոհունակություն եմ հայտնել առ այն, թե ինչ ջանքեր են իրենք ներդրել, որպեսզի ապահովեն Հայաստանում ժողովրդավարությունը: Այդ մասին Ջերմուկում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար, «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ Անդերս Ֆոգ Ռասմուսենը:
Նրա խոսքով՝ ինքը ժամանել է պաշտոնական Երևանի հրավերով, որպեսզի օգնի ՀՀ կառավարությանը՝ ամրապնդելու կապերը Արևմուտքի և ԵՄ-ի հետ:
«Երեկ հանդիպումներ եմ ունեցել Երևանում, իսկ այսօր այցելել եմ Հայաստանի հարավային մարզերը, որպեսզի իմ աչքերով տեսնեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքները: Հենց նոր այցելեցի հրաշալի Ջերմուկ, և քաղաքապետն ինձ ասաց, թե ինչ բացասական ազդեցություն են ունեցել ադրբեջանական հարձակումները քաղաքի տուրիզմի վրա»,- ասաց Անդերս Ֆոգ Ռասմուսենը:
Նշենք՝ ավելի վաղ Ռասմուսենն այցելել էր Լաչինի միջանցքի սկզբնամաս:
«Ինչպես գիտեք, Լաչինի միջանքը միակ կապն է ՀՀ և ԼՂ միջև: Անցած տարվա դեկտեմբերից ՀՀ և ԼՂ միջև ճանապարհը շրջափակման մեջ է: Այս շրջափակումը ո՛չ մարդկային է, ո՛չ էլ օրինական: Ես հանդիպեցի մարդկանց հետ, որոնք ապրել են ԼՂ-ում, և նրանք պատմեցին այն ճգնաժամային վիճակի մասին, որ տիրում է Ղարաբաղում:
Շրջափակում նշանակում է, որ պարեն կամ դեղորայք միայն շատ փոքր քանակով կարելի է հասցնել ԼՂ, ինչը նշանակում է պարենի կամ կյանքի համար անհրաժեշտ դեղորայքի պակաս ԼՂ-ում: Դա մարդասիական ճգնաժամ է, որը կարող է վերածվել հումանիտար աղետի: Այս շրջափակումն անօրինական է»,- հայտեց Ռասմուսենը:
Նա հիշեցրեց, որ մի քանի շաբաթ առաջ Արդարադատության միջազգային դատարանը որոշում է կայացրել, որով պարտադրում է Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքով անխոչընդոտ տեղաշարժը Լաչինի միջանցքով և հասանելությունը ԼՂ:
«Որոշումը պարտադիր է, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը պարտավոր է բացել միջանցքը ազատ հասանելիության, ազատ տեղաշարժի համար: Ուստի այսօր ես հստակ ուղերձ եմ ուղարկում Ադրբեջանի նախագահ Ալիևին և ասում եմ՝ վերացրու շրջափակումն անհապաղ»,- ասաց ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը: