Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Եվրամիության արտաքին գործողությունների ծառայության և Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները Թբիլիսիում կայացած հանդիպմանը քննարկել են ԵՄ-ին երկրի ինտեգրման գործընթացը: Այս մասին հայտնել են Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունից։
«Կառավարության ղեկավարը եվրոպացի դիվանագետների հետ քննարկել է Վրաստանի եվրաինտեգրման գործընթացը ոչ պաշտոնական մթնոլորտում։ Թբիլիսիում տեղի կունենա Եվրամիության բարձր մակարդակի դեսպանների տարածաշրջանային կոնֆերանս, որը կազմակերպել է ԵՄ ներկայացուցչությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հանդիպմանը կմասնակցեն Եվրամիության բարձրաստիճան ներկայացուցիչներ, այդ թվում՝ Կենտրոնական Ասիայի, Արևելյան գործընկերության երկրներում, Թուրքիայում և Ավստրիայում ԵՄ պատվիրակությունների ղեկավարները:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին էլ Բրյուսելում հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Զուրաբիշվիլին Բրյուսել է մեկնել Վաշինգտոնից, որտեղ հանդիպել էր ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։