Նախկինում էլ առիթ եմ ունեցել ասելու, որ շատ հաճախ մեր հանրային հարթակներում, սոցցանցերում որպես ահազանգ ներկայացվում է, թե Կառավարությունը պատրաստվում է ինչ-որ թուղթ ստորագրել: Ես ուզում եմ ձեզ հավաստիացրել, որ եթե մենք ունենանք իրավիճակ, որ մնացել է 1, 2, 3 օր, որ մենք ինչ-որ թուղթ ենք ստորագրելու, դա իրականում շատ լավ նորություն կլինի, ոչ թե վատ նորություն, ոովհետև դա կնշանակի, որ բանակցային գործընթացներում մենք ունեցել ենք առաջընթաց և հասել ենք արդյունքի, որը մեր երազանքների արդյունքը չէ, բայց արդյունք է, որը պիտի ապահովի երկարաժամկետ խաղաղություն, կայունություն և զարգացում՝ արձագանքելով ԼՂ Ազգային ժողովի խմբակցությունների հայտարարությանը, որ պահանջում են Հայաստանի Հանրապետության իշխանություններից՝ հավատարիմ մնալ ՀՀ Գերագույն խորհրդի 1992 թ. հուլիսի 8-ի որոշմանը և կասկածի տակ չդնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Փետրվարի կեսերին մենք մեր հերթական արձագանքը խաղաղության պայմանագրի հնարավոր նախագծի վերաբերյալ փոխանցել էինք Ադբեջանին և 2-3 օր առաջ ստացել ենք Ադրբեջանի արձագանքը մեր նախագծի վերաբերյալ: Ի՞նչ կարող եմ ասել այդ փաստաթղթի առումով: Կարող եմ ասել հետևյալը. պետք է ընդգծել, որ որոշակի առաջընթաց տեսնում ենք, բայց ինչքան առաջ ենք գնում, այնքան ի հայտ են գալիս ֆունդամենտալ պրոբլեմներ: Առաջինը՝ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը փորձում է խաղաղության հաստատման և հարաբերությունների հաստատման հնարավոր պայմանագրի միջոցով ՀՀ-ին տարածքային պահանջներ կամ նկրտումներ ձևակերպել, ինչը հասկանալիորեն և բնականաբար կարմիր գիծ է մեզ համար:
Հաջորդը՝ տեսնում ենք, որ տեքստի առաջարկներով Ադրբեջանը փորձում է ԼՂ-ում ցեղասպանություն կամ էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ ձեռք բերել՝ այդ թվում ՀՀ ստորագրությամբ: Դա, բնականաբար, նույնպես կարմիր գիծ է մեզ համար: Մենք տեսնում ենք նաև, որ Ադրբեջանը փորձում է, ձգտում է, դա մեր մեկնաբանությունն է, քանի որ Ադրբեջանի առաջարկներում նշված չէ, որ սույն պայմանագրով ստանում է ԼՂ հայության նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու մանդատ և թույլտվություն: Եթե ես սա ասում եմ, համոզված եմ, որ այդ հիմնավորումները կարող եմ բերել»,- ասաց Փաշինյանը:
Հաջորդ խնդիրը, ըստ վարչապետի, այն է, որ Ադրբեջանը հետապնդում է այնպիսի գիծ, որ, ըստ էության, մենք պայմանագրի նույնիսկ ստորագրված պայմանագրի կատարման երաշխիքների համակարգ չունենանք:
«Դա նույնպես կարմիր գիծ է մեզ համար, որովհետև մենք այսօր ունենք գրված, ստորագրված, հրապարակված փաստաթուղթ, որը չի կատարվում՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ըստ որի՝ Լաչինի միջանցքը որևէ կերպ փակ չպետք է լիներ, իսկ Լաչինի միջանցքը փակ է: Հետևաբար, սա ավելի է ընդգծում Երևանի զգայունությունը այն հարցում, որ որևէ ստորագրվող փաստաթուղթ պետք է ունենա իրականացման երաշխիքներ, ցանկալի է՝ միջազգային երաշխիք. այդ ամենը բացակա է»,- նշեց նա:
Խոսելով ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հարցը չափազանց կարևոր է:
«Մեր ընկալումը հետևյալն է, որ ճիշտ կլինի՝ այդ հարցի առաջնային մանդատառուն, ինչպես և կա իրականում, լինի ԼՂ ժողովուրդը: Այս դիրքորոշման համար կան և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ: Մենք կարծում ենք, որ այդ խոսակցությունը պետք է տեղի ունենա Բաքվի և Ստեփանակերտի միջև, և նաև պրոցեսները մեզ բերում են եզրակացության, որ այստեղ էլ առանց միջազգային երաշխիքների առաջ գնալ հնարավոր չի լինի: Որովհետև Մյունխենում Ադրբեջանի նախագահն ինքն ասաց, որ կա միջազգային պայմանավորվածություն, որ պետք է քննարկվի Ղարաբաղի հայերի իրավունքների և երաշխիքների հարցը, որից հետո տեղի է ունեցել երկու հանդիպում ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ ուժերի կենտրոնակայանում: Այդ հանդիպումներից հետո հանկարծ պարզվեց, որ Ադրբեջանն առաջարկում է քննարկել ինտեգրացիայի հարց: Տեսանք՝ բառամթերքը մեկ ամսվա ընթացքում ինչպես փոխվեց:
ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության շրջանակը ԼՂ ժողովուրդը և կառավարությունն ինքը պետք է որոշի»,- ընդգծեց վարչապետը: