Մարտի 10-12-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել «ԴիջիԹեք 2022» համաժողովը և համանուն ցուցահանդեսը։ Համաժողովը կրում էր «Ամբիցիոզ թեք. Բաց տնտեսությունների դիմակայունությունն աշխարհի աճող անկայունության պայմաններում» խորագիրը։
Ներկայացել է 30 խոսնակ 9 երկրից, գրանցվել 2000 այցելու, իսկ 17-րդ ամենամյա ցուցահանդեսին ներկայացել 120 ընկերություն։
Համաժողովի պաշտոնական բացմանը տեխնոլոգիական համայնքին ողջունել են ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը, «ԴիջիԹեք» համաժողովի նախագահ Րաֆֆի Քասարջյանը, ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնության դեսպան Վիկտոր Ռիխտերը։
Համաժողովին ստորագրվել է համագործակցության հուշագիր Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) և Երևանի քաղաքապետարանի միջև։ Երևան համայնքում մեծ թափով թվայնացման աշխատանքներ են իրականացվում, որոնք քաղաքացիների կյանքը թեթևացնելու, համայնքի հետ շփումն ավելի մատչելի դարձնելու հնարավորություն են տալու:
Ստորագրվել է նաև գործակցության հուշագիր ՀՀ էկոնոմիկայի, ԿԳՄՍ, ԲՏԱ նախարարությունների և SADA ընկերության միջև:
Հուշագրով պետական մարմինները և Google Cloud-ի գործընկեր SADA-ն կհամատեղեն ջանքերը՝ Հայաստանում կրթության հավասար հնարավորությունների, կրթական համակարգի թվայնացման զարգացման համար՝ Google Workspace for Education Fundamentals ծառայությունների և գործիքակազմի ներդրման ուղղությամբ:
Փաստաթուղթը ստորագրել են, մի կողմից, նախարարներ Վահան Քերոբյանը, Ռոբերտ Խաչատրյանը, փոխնախարար Արայիկ Խզմալյանը, մյուս կողմից՝ SADA ընկերության նախագահ, գործադիր տնօրեն Թոնի Սաֆոյանը: