Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է, որ բանկերը և վարկային կազմակերպությունները սպառողական փոխառություններն ու վարկերը, բնակարանային հիփոթեքային կրեդիտները կարող են տրամադրել միայն ՀՀ դրամով, իսկ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց բնակարանային հիփոթեքային կրեդիտները` նաև արտարժույթով: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից:
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն է տվել ԱԺ պատգամավորներ Գևորգ Պապոյանի, Արուսյակ Մանավազյանի, Նարեկ Գրիգորյանի հեղինակած ««Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին:
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ վերջին տարիներին աճել է ֆինանսական և ոչ ֆինանսական ակտիվների, արտարժույթի փոխարժեքի տատանողականությունը, ինչն արտարժույթով վարկ ունեցող քաղաքացիների համար մեծ ռիսկեր կարող է առաջացնել: Վերջինս հատկապես բնորոշ է խոշոր և երկարաժամկետ բնակարանային հիպոտեկային վարկերի դեպքում: Մասնավորապես, արտարժույթով վարկի գործողության առաջին եռամսյակում արտարժույթի 25 տոկոսով արժևորման հավանական սցենարի դեպքում, հիպոտեկային վարկի սպասարկման բեռը սկզբնական բեռի համեմատ կաճի շուրջ 25 տոկոսով, և նույնիսկ կգերազանցի համադրելի ժամկետով դրամային վարկի սպասարկման ընդհանուր բեռին:
Հիմնական զեկուցող, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է խմբագրական բնույթի առաջարկներ, որոնք ընդունվել են հեղինակների կողմից:
Գևորգ Պապոյանն ընդգծել է, որ նախագծով մեր համաքաղաքացիները պաշտպանված կլինեն արտարժութային ռիսկերից:
Իր որոշակի մտահոգություններով է կիսվել ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արթուր Խաչատրյանը: Ըստ ընդդիմադիր պատգամավորի` օրենքի նախագծի հիմքում չկան փաստացի հաշվարկներ:
Գևորգ Պապոյանը շեշտադրել է, որ ֆինանսական համակարգն ավելի լավ է կառավարելու արտարժութային ռիսկերը:
Մտահոգություններով կիսվել են նաև Ամերիկայի առևտրի պալատի գործադիր տնօրեն Լիլիթ Գևորգյանը, ինչպես նաև վարկային կազմակերպությունների ներկայացուցիչները:
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը և ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը քննարկման ընթացքում բարձրացված բոլոր հարցերին տվել են սպառիչ պարզաբանումներ: Ըստ Գևորգ Պապոյանի` բիզնեսի և հանրային շահերը չպետք է հակադրվեն, այդ շահերը պետք է լինեն համընթաց:
ԿԲ նախագահի տեղակալի հավաստմամբ՝ օրենքի նախագծով նոր խաղի կանոններ են ներմուծվում, որոնք միտված են ապագային և շատ կարևոր գործիք են: