Սյունիքի մարզի Օխտար բնակավայրի դպրոցական ավտոբուսի վթարից տուժած երեխաների ու մեծահասակների մի մասը շարունակում է բուժումը «Կապանի» բժշկական կենտրոնում:
Ռոբերտ Ղուկասյան (Սյունիքի մարզպետ) - Այս պահին 7 երեխա են Կապանի բժշկական կենտրոնում, մնացածը դուրս էին գրվել, ևս 4-ը այսօր դուրս կգրվեն, այսինքն` 3-ը կմնա, որոնցից 2-ի վիճակը բավարար է, մեկինը` միջին ծանրության: Նաև 5 մեծահասակներ են այս պահի դրությամբ «Կապանի» ԲԿ-ում. 2-ը դուրս կգրվեն այսօր, ևս երեքի վիճակը միջին ծանրության է:
Մարտի 10-ին դպրոցի աշակերտներին և անձնակազմը տեղափոխող «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը կառավարումը կորցրել ու ձորն էր ընկել 5 մետր բարձրությունից՝ հայտնվելով Աճանան գետում: Ավտոբուսում 24 հոգի էր եղել: Աշակերտների ուղևորափոխադրումը ապահովող «Լավ ընկեր» կազմակերպության հետ դպրոցը պղնձամոլիդենային կոմբինատի հովանավորությամբ 2 տարի է գործակցում, բայց այդ ավտոբուսն առաջին անգամ էր դպրոցականներին տեղափոխելու. դպրոցի տնօրենը նոր մանրամասներ է հայտնում:
Աշոտ Հովհաննիսյան (Օխտարի միջնակարգ դպրոցի տնօրեն) - Դեպքի օրը առաջին անգամ ենք վարորդին տեսել ես և ավտոբուսը, մեր վարորդը հիվանդ է եղել: Մենք ունենք ուսուցիչներ` Կապանից են գալիս, մոտակա գյուղերից հավաքելով բերում, հասցնում է դպրոց, ու դասերը ավարտելուց հետո, որտեղ որ գլորվել է ձորը, ինքը էդտեղ պիտի կանգներ:
«Լուրերը» փորձեց կապ հաստատել ուղևորափոխադրումն ապահովող ընկերության հետ ևս: Զրուցակիցը, սակայն, հեռախոսն անջատեց և դադարեց պատասխանել հետագա զանգերին:
Մարտի 10-ին վթարի վայրին մոտ կանգառում իջնելու էին Առաջաձորից Օխտար ամեն օր դասի գնացող աշակերտները: Վթարի պատճառի պաշտոնական վարկած դեռ չկա. քննչական գործողությունները շարունակվում են:
Գոռ Աբրահամյան (ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ) - Մինչև այս պահը հնարավոր չէր համապատասխան քննչական գործողություններ կատարել վարորդի հետ, որն, ըստ էության, մեքենան վարելու համար պատասխանատու անձ է հանդիսանում, այսօր միայն այդ գործողությունները սկսվել են իրականացվել, ցուցմունքները ստանալուց հետո ի մի կբերվեն:
Վարորդի հարցաքննությունը մինչև հիմա անհնար էր եղել դեմքի շրջանում ստացած վնասվածքների պատճառով:
Շրջանառվող հիմնական վարկածը մեքենայի անսարքությունն է: Այդ մասին, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի խոսքով, նաև երեխաներն են նշել:
Ռոբերտ Ղուկասյան - Ղեկի կառավարումից են խոսում երեխաները, որ չի կառավարվել ղեկը, բայց, եթե չեմ սխալվում, էնտեղ ինչ-որ կոմպենսատորի հարց է, ես որքանով որ հասկանում եմ` օդի ճնշմամբ է աշխատում ղեկը, և եթե չեմ սխալվում, արգելակները, բայց շատ սիրողական մակարդակ է: Այն, որ մեքենան տեխնիկական անսարքություն է ունեցել, դա կարծես թե փաստում են բոլորը, ովքեր եղել են մեքենայի մեջ:
Գոռ Աբրահամյան - Այս պահին քննության ուղղություններից մեկը նաև տվյալ ավտոբուսի շահագործման իրավական կողմի ամբողջական պատկերը ստանալն է: Այո, նույնականացվել է արդեն, ունենք` որ ընկերության ավտոբուսի հետ է դեպքը եղել, ուսումնասիրվում են այս պահի դրությամբ ամբողջ փաստաթղթերը, իրավահարաբերությունները. որպեսզի նաև այդ առումով վերջնական գնահատականներ տրվեն:
Ավտոբուսի տեխնիկական վիճակի վերաբերյալ վերջնական գնահատականը կլինի միայն փորձաքննության արդյունքներից հետո՝ հավելում է Գոռ Աբրահամյանը: Վթարի հետևանքով կա նաև զոհ՝ 53-ամյա Թամարա Դավթյանը: Նա դպրոցում աշխատել է 1994 թվականից: Մնացած 23 տուժածից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:
Հեղինակ` Տաթև Խաչատրյան: