Այսօր ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին են դիմել պեստիցիդներ ներմուծող մի շարք տնտեսվարողներ, որոնք չեն կարողանում մաքսային պահեստներում գտնվող ապրանքը մաքսազերծել, քանի որ չունեն տեսչական մարմնի թույլտվությունը:
Թույլտվությունը չի տրամադրվել, քանի որ վերոնշյալ պեստիցիդները չեն համապատասխանում Հայաստանում օգտագործման համար թույլատրված պեստիցիդների և ագրոքիմիկատների անվանացանկի (հրապարակված է տեսչական մարմնի պաշտոնական կայքում՝ snund.am) տվյալներին: Մասնավորապես, ՀՀ օրենսդրության համաձայն՝ երկրի տարածք թույլատրվում է ներմուծել միայն այն կազմակերպությունների կողմից արտադրված պեստիցիդները, որոնք սահմանված կարգով գրանցվել են Հայաստանում։ Տնտեսվարողները փորձել են ներկրել չգրանցված կազմակերպությունների կողմից արտադրված պեստիցիդներ: Այսինքն՝ գրանցման է ներկայացվել X կազմակերպության արտադրանք, որը սահմանված կարգով գրանցվել է, սակայն փորձում են ներկրել Y կազմակերպության կողմից արտադրված արտադրանք:
Քանի որ ապրանքն արդեն Հայաստանում է, տնտեսվարողները խնդրում են ընդառաջել և թույլատրել արդեն երկրում գտնվող ապրանքի ներմուծումը՝ խոստանալով հետագայում պահպանել սահմանված բոլոր ընթացակարգերը:
ՍԱՏՄ-ն հորդորել է պեստիցիդ ներմուծողներին իրենց առաջարկությունները ներկայացնել գրավոր դիմումի տեսքով, որին տեսչական մարմինը կպատասխանի օրենքով սահմանված ժամկետներում: Առաջարկն ընդունվել է: