Մարտի 13-ը հայ բանաստեղծ, գրող Եղիշե Չարենցի ծննդյան օրն է:
Չարենցը ծնվել է 1897 թվականին Կարսում։
«Արևելյան փոշոտ ու դեղին մի քաղաք, անկյանք փողոցներ, բերդ, Վարդանի կամուրջ, Առաքելոց եկեղեցի և հինգ հարկանի պաշտոնական մի շենք»,- այսպես է գրողը ներկայացնում իր ծննդավայրը։
1912 թվականին Թիֆլիսի «Պատանի» ալմանախում Եղիշե Սողոմոնյան ստորագրությամբ տպագրվում է «Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին» տողով սկսվող բանաստեղծությունը, իսկ 1914 թվականին արդեն «Եղիշե Չարենց» ստորագրությամբ լույս է տեսնում 17-ամյա պատանու «Երեք երգ տխրադալուկ աղջկան» գրքույկը՝ նվիրված Աստղիկ Ղոնդախչյանին. այն ընդգրկում էր մեկը մյուսին շարունակող երեք բանաստեղծություն։
Հաջորդ տարի՝ 1915 թվականին, լույս է տեսնում «Կապուտաչյա հայրենիք» պոեմը։ 1916 թվականին Թիֆլիսում լույս է տեսնում «Դանթեական առասպել» պոեմը։ Այդ օրերին էլ մեկնում է Մոսկվա՝ ուսումը շարունակելու Շանյավսկու համալսարանում, և մնում է այնտեղ մինչև 1917 թվականի գարունը։ 1918-1920 թվականներին գրում է «Սոմա», «Ամբոխները խելագարված» պոեմները և «Ողջակիզվող կրակ» շարքը։ 1920-1921 թվականներին Չարենցը գրում է «Նաիրի երկրից», «Դեպի ապագան», «Բրոնզե թևերը կարմիր գալիքի» ռադիոպոեմները։
1922-1924 թվականներին Չարենցի նոր որոնումների շրջանն է. ստեղծվում են «Պոեզոզուռնա», «Կոմալմանախ» ժողովածուները, «Ռոմանս անսեր» պոեմը, «Ասպետական» ռապսոդիան, «Կապկազ թամաշան»։ 1915 թվականին նա զինվորագրվում է Քանաքեռում կազմավորվող հայկական կամավորական խմբերին և որպես սանիտար, նաև որպես կռվող զինվոր՝ հասնում է մինչև Վան։
1930-ականներին Չարենցին Հայաստանի գրողները խորհուրդ են տալիս մեկնել Հայաստանից դեպի Ռուսաստան, քանի որ կանխազգում էին, որ հնարավոր է՝ բանաստեղծը ստալինյան ռեպրեսիաների զոհը դառնա։ Խաչիկ Դաշտենցին Չարենցն ասել է, որ չի կարող մեկնել Հայաստանից, քանի որ իրեն Հայաստանից դուրս չի պատկերացնում։
1932 թվականին լրանում է Չարենցի գրական գործունեության 20 տարին։ Գրողների միությունը որոշում է նշել այդ հոբելյանը, ինչն այդպես էլ չի նշվում։ 1934-ին Չարենցը մասնակցում է ԽՍՀՄ գրողների առաջին համագումարին։
1935 թվականից սկսած Չարենցի դեմ ուղղված հալածանքներն ավելի են խորանում։ Նրան հեռացնում են հրատարակչությունից և գրողների միությունից։ 1936 թվականի սեպտեմբերի 24-ից Չարենցը ենթարկվում է տնային կալանքի, նույնը վերջնականապես պարտադրվում է նոյեմբերի 9-ին։ Հայտնի է նաև, որ այդ օրերին գրազի համար մի գիշերում Չարենցը գրել և հաջորդ օրը պատռել է վեց տասնյակից ավելի քառյակ։ 1936 թվականից ավելի ուժգնացած հալածանքների օրերին Չարենցը մեկուսացած կյանք է վարում։ Նա սպասումների մեջ էր։
1936 թվականի հունիսի 20-ին Անդրերկրկոմի ղեկավարության հետ Խանջյանը սկսում է բանակցություններ վարել, որպեսզի Չարենցին թույլատրեն մեկնել արտասահման՝ բուժման նպատակով։ Սակայն Խանջյանի դավադիր սպանությունը ձախողում է Չարենցի մեկնումը։
1937 թվականի նոյեմբերի 27-ի առավոտյան՝ ժամը 7։00-ին, Կենտրոնական բանտի հիվանդանոցում, օրեր շարունակ տևած անգիտակից վիճակից հետո, բոլորից լքված ու անօգնական՝ իր մահկանացուն է կնքում Եղիշե Չարենցը՝ ժամանակի մեծագույն բանաստեղծը։
Գերեզմանի տեղը անհայտ է։
Մարգարեանալով մի քանի ամիս առաջ՝ 1936 թվականի դեկտեմբերի 15-ին, նա գրել էր.
Իմ մահվան օրը կիջնի լռություն,
Ծանր կնստի քաղաքի վրա,
Ինչպես ամպ մթին կամ հին տրտմություն,
Կամ լուր աղետի՝ թերթերում գրած։