Շիրակի մարզի փաստաբանները բողոքում են. մարզում դատավորներն անընդհատ փոխվում են՝ ինքնահոսի թողնելով դատական գործերը:
Արամայիս Հայրապետյան (փաստաբան) - Որևէ դատավոր գործն ընդունում է իր վարույթ, սկսում է գործի քննությունը, հասնում է որոշակի փուլի, տեղափոխվում է այլ դատարան, և նոր եկած դատավորը ստիպված է լինում էդ գործը սկսել զրոյից:
Նոր դատավորը նախորդի գործը շարունակել չի կարող, քանի որ, ըստ Հայրապետյանի, Քրեական դատավարության նոր օրենսգիրքը գործի քննությունը վերսկսելու հնարավորություն չի տալիս: Փաստաբանի պնդմամբ՝ գործերն այնքան են կուտակվել, որ նույնիսկ հաստիքների համալրման դեպքում Շիրակում գործերի քննության ողջամիտ ժամկետը հնարավոր չէ պահպանել:
Ասաց՝ վերջին 2-3 տարում տեղի է ունեցել դատավորների 13-14 տեղափոխություն, այնքան, որքան, ըստ նրա, մարզի դատավորների ընդհանուր հաստիքակազմն է:
Արամայիս Հայրապետյան - Շիրակի մարզում ամենաերկար դատավորը, ով մնացել է, շուրջ 1 տարի է, 1-1,5: Մի ամիս աշխատում են, տեղափոխում են Երևան կամ այլ մարզեր, որի հետևանքով նրա վարույթում գտնվող գործերը գումարվում են նոր քրգործերին, տրվում են նոր դատավորին: Իմ տրամադրության տակ եղած 20 ավելի, սրանք քրեական գործերի մասին են, գործերում չկա որևէ գործ, որը 3-ից պակաս դատավոր ունենա, սպասում ենք 4-րդին, 5-րդին:
ԲԴԽ-ն հունվարի 13-ի որոշումներով Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորների թափուր տեղերը զբաղեցնելու առաջարկ էր ներկայացրել Շիրակի 4, Լոռու, Արմավիրի, Սյունիքի 1-ական դատավորի:
ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանի խոսքով՝ յուրաքանչյուր դատավոր նման խնդրանքով խորհուրդ դիմելու իրավունք ունի, հատկապես երբ նա աշխատում է մշտական բնակության վայրից հեռու:
Վիգեն Քոչարյան (ՀՀ ԲԴԽ անդամ) - Դատավորը պարտավոր է հիմնավորումներ ներկայացնել քննարկման, քվեարկության արդյունքում հիմնավոր է համարում, ընդունում է: Կոնկրետ Շիրակի մարզի հետ կապված՝ համընկել են 4 անձի հետ կապված, ինչն էլ նման արձագանք է ստացել: Կուզեի դիմել Շիրակի մարզի գործընկերներին, այս որոշումից հետո նոր նշանակված դատավորները 3, 4 կամ ավելի պետք է ծավալեն աշխատանքը, այլ միջոցառումներով էլ շտկենք:
ԲԴԽ անդամը նկատի ունի օրենսդիր, գործադիր մարմինների հետ տարվող քննարկումները՝ մի քանի տասնյակ նոր դատավորների հաստիքներ ավելացնելու, դատարանների ծանրաբեռնվածության խնդիրը լուծելու համար:
Վիգեն Քոչարյան - Անցած տարի մոտ 60 դատավորի հաստիք ավելացել է, առաջարկ ենք ներկայացնել ևս 80, մեծ թիվ է, այսօր ընդհանուր թիվը 300 է:
Քոչարյանի խոսքով՝ նախատեսվում են նաև օրենսդրական փոփոխություններ՝ դատական ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ:
Վիգեն Քոչարյան - Շիրակում եղել է, որ ունեցել ենք թափուր հաստիք, բայց ռեզերվ չենք ունեցել, ներկայումս ԲԴԽ-ն այդ առումով գործողություններ է ձեռնարկում: Հետևողական, դատավորների ցուցակի համալրման քննություն ենք կազմակերպում:
Ըստ ԲԴԽ անդամի՝ դատական համակարգում հիմա սերնդափոխություն է, և կարծում է, նման իրավիճակները երբեմն անխուսափելի են:
Մինչև այդ, փաստաբանները պնդում են, որ Շիրակի մարզի դատավորների տեղափոխման հետևանքով շուրջ 300 գործի քննություն պետք է նորից սկսվի:
Փաստաբանները նշում են՝ եթե այդ պրակտիկան չդադարի, գործադուլի կդիմեն: