Նալբանդյանցիները հին ամբուլատորիայի դռները փակել, տեղափոխվել են նոր հասցե: Այստեղ ամեն ինչ նոր է, հարմարեցված առաջին բուժօգնության պայմաններին:
Սուսաննա Մանուկյան (բուժքույր) - Շատ տաք է, հարմար է, հիմա ես ավելի հաճույքով եմ գալիս, քան էն ժամանակ:
Բուժամբուլատորիան կառուցվել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի ֆինանսավորմամբ: Սպասարկում է 6300 բնակչի ինչպես Նալբանդյան, այնպես էլ հարևան երկու բնակավայրից: Բուժանձնակազմը ամբուլատոր սպասարկումից բացի նաև տնային այցեր է կատարում: Նորակառույց ամբուլատորիայի աշխատանքներին ծանոթանալու էր եկել առողջապահության նախարարը: Կարևորելով առողջության առաջնային պահպանման օղակի դերը՝ Անահիտ Ավանեսյանն ասաց՝ դրանք պետք է նաև կատարելագործել:
Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարար) - Մեզ համար շատ կարևոր է, որ բուժամբուլատորիաներն ու պոլիկլինիկաները վերափոխվեն թե՛ ենթակառուցվածքների, թե՛ սարքավորումների և թե՛ մասնագիտական հմտությունների բարելավման առումով: Այս տարի արդեն 20 ամբուլատորիաների և 5 պոլիկլինիկաների նախագծման աշխատանքներ ներառված են բյուջեում, այսօրվա այցիս նպատակն է ծանոթանալ գյուղական ամբուլատորիայի ձևաչափին՝ հասկանալու՝ ինչ ունեն լրացնելու, որ հաջորդները նախագծելիս նկատի ունենան:
Թեև պայմանները բավարար են, բայց նախարարն էլ նկատեց, որ ընդունարանը փոքր-ինչ նեղ է երեք բնակավայրի բուժառուներին սպասարկելու համար: Նոր ամբուլատորիաները նախագծելիս դա հաշվի կառնեն: Ի դեպ, պետությունն առաջին անգամ մեծ գումար է հատկացրել՝ ամբուլատորիաներ ու պոլիկլինիկաներ կառուցելու և վերակառուցելու համար: Նախատեսված 20 ամբուլատորիայից 7-ը կառուցվելու են Արմավիրում: Ինչպես Նալբանդյանում, կառուցվելիք բոլոր ամբուլատորիաներում կգործեն իմունականխարգելման, անհետաձգելի բժշկական օգնության և մանկաբարձական կաբինետներ: Կլինեն ընտանեկան բժիշկներ, կմատուցվեն լաբորատոր ծառայություններ: Իսկ Նալբանդյանում ավելին են ուզում:
Կարինե Գրիգորյան (Նալբանդյանի բուժամբուլատորիայի տնօրեն) - Բիոքիմիական ծառայություններից, օրինակ՝ խոլեստերինի սքրինինգային հետազոտություն ունենք, որի համար տարիքային խմբի բնակիչներին ուղղորդում ենք պոլիկլինիկա, բայց որ ունենային բիոքիմիական ծառայություն, մեր աշխատանքը տեղում ավելի արդյունավետ կլիներ:
Մարզպետ Հովհաննիսյանն էլ տեղեկացրեց, որ այս պահին ընթանում է նոր ամբուլատորիաների կառուցման համար հողերի հատկացման գործընթացը: Իսկ ինչ վերաբերում է մարզի հիվանդանոցների շտապօգնության մեքենաների երբեմն բարձրացվող խնդիրներին՝ հուսադրեց.
Էդվարդ Հովհաննիսյան (Արմավիրի մարզպետ) - Արմավիրի և Էջմիածնի հիվանդանոցները 22 թվականին մեկական մեքենաներով համալրվել են, ևս մեկականի տրամադրումը ընթացքի մեջ է: Ամեն դեպքում, որպես այդպիսին, խիստ հրատապ խնդիր չունենք, շտապօգնության մեքենաները հասցնում են, ծառայությունը հասցնում է իր գործառույթն իրականացնել:
Մարզպետի ուղեկցությամբ նախարար Ավանեսյանն այցելեց նաև «Արմավիր» բուժկենտրոն: Շրջեց հիվանդանոցում, ծանոթացավ ինֆեկցիոն բաժանմունքի շինարարական աշխատանքների ընթացքին: