Գարնանային գյուղատնտեսական աշխատանքներով պայմանավորված՝ ցանքատարածքներն ու արոտավայրերը բուսական մնացորդներից մաքրելու նպատակով բնակչության կողմից կատարվող հրկիզումները շատ հաճախ տարածվում են` մեծ վնաս պատճառելով բնությանը և շրջակա միջավայրին, զգուշացնում են փրկարար ծառայությունից:
Միայն նախորդ շաբաթվա ընթացքում հանրապետությունում գրանցվել է 195 հրդեհ, այդ թվում՝ 127-ը՝ բուսածածկ տարածքներում, այնինչ նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածում գրանցվել էր ընդամենը 69 հրդեհ, որից 23-ը՝ բուսածածկ տարածքներում: Հրդեհների հետևանքով նշված ժամանակահատվածում այրվել է 164.2 հա, նախորդ տարի՝ 48.6 հա բուսածածկ տարածք:
Կոչ ենք անում բնակչությանը, հատկապես գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, ուշադիր լինել շրջակա միջավայրի, կանաչ տարածքների նկատմամբ, զերծ մնալ հրդեհների բռնկմանը նպաստող գործողություններից։
Փրկարարները հիշեցնում են՝ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ «արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքերի բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող հողերում»: