ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատանը կազմակերպվել է հանդիպում Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանի հետ:
Մասնակցել են մեծ թվով համայնքային գործիչներ, ինչպես նաև ամերիկացի գիտնականներ, որոնց հետ աշխատում է Նոբելյան մրցանակակիրը։
Դեսպան Լիլիթ Մակունցը ներկայացրել է մեր հայրենակցի անցած ուղին՝ զուգահեռներ անցկացնելով հայ ժողովրդի պատմական ճակատագրի և մեր օրերում դրսևորվող տոկունության հետ։ Հայ գիտնականն էլ շեշտել է՝ վերջին տարիներին ասես վերադառնում է իր հայկական ինքնությանը։ Նա մեծ թվով նամակներ է ստանում աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայերից, որոնք Փաթափությանին համարում են գիտական ոլորտում հաջողության հասնելու իրենց մոդելը։
Նա ինքն էլ ձգտում է անձնական օրինակով ոգևորել հատկապես նոր սերնդի հայ գիտնականներին և ուսանողներին։
Արտեմ Փաթափության (Նոբելյան մրցանակակիր, գիտնական) - Լիբանանում ապրելիս հայկականությունն իմ կյանքի մի շատ կարևոր մասն էր կազմում։ Բայց գիտությամբ զբաղվելով` տարվեցի գիտական միջազգային գործընկերությամբ ու ասես մի փոքր հեռացա իմ ազգային զգացումներից։ Բայց հիմա կարծես վերադառնում եմ իմ արմատներին։ Այն անհավատալի ջերմ ընդունելությունը, որ ստանում եմ աշխարհի հայերից, նախորդ տարի Հայաստան իմ այցը, Երևանում իմ պատվին նամականիշի թողարկումը մեծ դեր ունեցան։
Նոբելյան մրցանակակիրներ շատ կան, բայց քանիսի՞ պատվին են նամականիշ թողարկել։
Լիլիթ Մակունց (ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան) - Արտեմ Փաթափությանին բնութագրող հատկանիշները տիպիկ են հայ ժողովրդի համար։ Պայքարողի մեր տեսակը, արդարության համար մեր հարատև կռիվը, մեր տոկունությունը մեզ օգնեցին ողջ մնալ Հայոց ցեղասպանությունից և սումգայիթյան ջարդից հետո։ Մեր այդ նույն բնութագիրը ուժի մեջ է մնում հիմա, երբ Ադրբեջանը շարունակում է հայերի դեմ իր ագրեսիվ քաղաքականությունը՝ փակելով Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ կապող միակ ճանապարհը։ Ոչ մի փակ ճանապարհ չի թուլացնի վերապրելու, ստեղծագործ ու գիտական աշխատանքով զբաղվելու ու հաջողության հասնելու մեր կամքը։
Քրիստոֆեր Վանչեք (ԱՄՆ առողջապահության ազգային ինստիտուտի համակարգող) - Փաթափությանը դասախոսություն է կարդալու Միացյալ Նահանգների առողջապահության ազգային ինստիտուտում։ Մեզ մոտ այս ծրագրով տարեկան միայն մոտ 30 գիտնական է դասախոսում, և դրանք աշխարհի լավագույն գիտնականներն են, որոնց թվում է նաև ձեր հայրենակիցը։