Օրենսդրական փաթեթով առաջարկվող փոփոխությունները միտված են բարելավելու արբիտրաժին առնչվող որոշ իրավակարգավորումներ, զարգացնելու արբիտրաժի ինստիտուտը, շտկելու օրենսդրական թերությունները. ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 13-ի նիստում:
«Վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացումը մեր պետության առաջնահերթություններից է, ինչը բխում է Կառավարության հնգամյա ծրագրից, ինչպես նաև դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունից»,- ընդգծել է Կառավարության ներկայացուցիչը:
«Առևտրային արբիտրաժի մասին» օրենքում Կառավարությունն առաջարկում է սահմանել արբիտրների շահերի բախման բացահայտման բավարար գործիքներ և չափանիշներ:
Զեկուցողի խոսքով՝ օրենքով կսահմանվեն այն նվազագույն հիմքերը, որոնց դեպքում արբիտրին պետք է բացարկ հայտնվի: «Արդյունքում ավելի հստակ կլինեն արբիտրների բացարկման որոշ հիմքեր. դրանք առավել արդյունավետ կպաշտպանեն արբիտրաժային վարույթի կողմերի միջև հավասարությունը, կբարձրացնեն արբիտրաժային ինստիտուտի նկատմամբ հասարակության վստահությունը` միաժամանակ չսահմանափակելով արբիտրաժային հաստատությունների կողմից բացարկի այլ հիմքեր սահմանելու հնարավորությունը:
Նախատեսվում է, որ արբիտրաժային տրիբունալի իրավասության վիճարկման վերաբերյալ գործերը քննվելու են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից: Հաջորդ փոփոխությունը վերաբերում է արբիտրաժային վեճերի հստակեցմանը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխությունների շրջանակում առաջարկվում է բացառել այն չարաշահումները, երբ արբիտրաժի կողմերը փորձում են ձգձգել դատարանում արբիտրաժային վճռի հարկադիր կատարման կամ չեղյալ ճանաչման վարույթները:
Արմենուհի Հարությունյանի տեղեկացմամբ՝ Կառավարությունը նախաձեռնությունը լրամշակել է ԱԺ աշխատակազմի փորձագիտական և վերլուծական վարչության ներկայացրած առաջարկների հիման վրա:
Պատասխանելով պատգամավոր Ալխաս Ղազարյանի հարցին` զեկուցողը նշել է, որ ոլորտում իրականացվող փոփոխությունները միտված են նաև թեթևացնելու ընդհանուր իրավասության դատարանների ծանրաբեռնվածությունը:
Հարակից զեկուցող, հանձնաժողովի փոխնախագահ Արուսյակ Ջուլհակյանը ողջունել է նախաձեռնությունը: Նրա խոսքով՝ արբիտրաժի ինստիտուտի լավարկումը դատարանների բեռնաթափմանն ուղղված քայլերից է: Պատգամավորը հորդորել է դրական եզրակացության արժանացնել նախաձեռնությունը:
Առաջին ընթերցմամբ քննարկված ««Առևտրային արբիտրաժի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը ստացել է դրական եզրակացություն:
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն է տվել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում առաջարկվող լրացումներին և փոփոխություններին:
Հարցը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը: Նրա խոսքով՝ նախաձեռնության ընդունման արդյունքում դատախազներին կվճարվի ամսական հավելում` պաշտոնային դրույքաչափի իննսուներկու տոկոսի չափով:
Առաջինից երկրորդ ընթերցում նախագծում կատարվել է տեխնիկական փոփոխություն: