ԹՈՒՅԼ ՉԵՆՔ ՏԱ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԵՐԿՐՈՐԴ ՃԱԿԱՏ ԲԱՑԵԼ. ՂԱՐԻԲԱՇՎԻԼԻ
Ուկրաինան Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ուղարկել էր՝ Վրաստանում իրավիճակը ապակայունացնելու և երկիրը ռազմական գործողությունների մեջ ներքաշելու համար՝ IMEDI հեռուստաալիքի եթերում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Վարչապետի խոսքով՝ «Ուկրաինայի համար, հավանաբար, ձեռնտու կլիներ, եթե Ռուսաստանն իր ուշադրությունը տեղափոխեր» Վրաստանի վրա։ Ըստ Ղարիբաշվիլիի, եթե Սաակաշվիլիի հիմնադրած ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը լիներ իշխանության, Վրաստանը կվերածվեր հրաձգարանի, իսկ երկիրը կստանար երկրորդ Մարիուպոլը։ Այսպիսով, Ուկրաինան «ժամանակ կշահեր», եզրափակել է Վրաստանի վարչապետը։ Վրաստանի վարչապետը կշտամբել է Ուկրաինայի իշխանություններին Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ակցիաներին աջակցություն հայտնելու համար։ Ղարիբաշվիլին նաև հայտարարել է, որ թույլ չի տա «երկրորդ ճակատը Վրաստանում բացել»։ Այս առումով նա ճիշտ քայլ է համարել օտարերկրյա գործակալների մասին օրինագծի հետկանչը՝ հակառակ դեպքում ընդդիմությունը «քաոս կստեղծեր» երկրում։
Իրակլի Ղարիբաշվիլի (Վրաստանի վարչապետ) - Ես գիտեմ, որ մի քանի տասնյակ մարդ է եկել Ուկրաինայից, ես ուզում եմ նրանց դիմել՝ թող պատրանքներ և ակնկալիքներ չունենան, որ այստեղ ինչ-որ բան կլինի: Ոչինչ չի լինի, եղբայրներ: Ես ուզում եմ մաղթել, որ Ուկրաինայի բոլոր մարտիկները առողջ վերադառնան իրենց ընտանիքներ: Մենք շատ ավելին գիտենք, քան կարող են պատկերացնել, պետությունն այսօր ամենաբարձր մակարդակի վրա է: Քանի դեռ «Վրացական երազանքն» է իշխանության, մենք ոչ մի վայրկյան թույլ չենք տա երկրորդ ճակատ բացել, դա բացառվում է:
ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔԵԼ Է ԻՐԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը հերքել է իրանական կողմի հայտարարությունը, թե Իրանը և Միացյալ Նահանգները նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերել կալանավորների փոխանակման վերաբերյալ: Սպիտակ տան ազգային անվտանգության խորհուրդը նույնպես առանձին հայտարարությամբ «կեղծ» է անվանել փոխանակման մասին լուրը։ Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել էր, որ Թեհրանն ու Վաշինգտոնը նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերել կալանավորների փոխանակման վերաբերյալ: Նա նշել է, որ եթե որևէ խոչընդոտ չլինի, փոխանակումը տեղի կունենա մոտ օրերս:
ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԻՐԱՆՈՒՄ Է
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Իրանում է: Այսօր առավոտյան Լուկաշենկոն հանդիպել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ: Ալեքսանդր Լուկաշենկոն Իրան է մեկնել մարտի 12-ին պաշտոնական այցով: Թեհրանում արդեն կայացել է Բելառուսի և Իրանի արտգործնախարարների հանդիպումը: Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Սերգեյ Ալեյնիկը բանակցություններ են վարել և մտքեր փոխանակել միջազգային կարևորագույն հարցերի շուրջ։ Այսօր նախատեսվում է նաև Բելառուսի նախագահի և Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հանդիպումը: Այս այցի մասին Իրանի և Բելառուսի նախագահները պայմանավորվել էին 2022 թվականի սեպտեմբերին` Սամարղանդում տեղի ունեցած Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների համաժողովի ժամանակ։
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ Է 48.000-Ը
Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 48 հազարը, վիրավորների թիվը գերազանցել է 115 հազարը` հայտարարել է Թուրքիայի նախագահը: Ռեջեփ Էրդողանը այցելել է երկրաշարժից տուժած Հաթայ նահանգ։ Նրա խոսքով՝ վնասի գնահատման աշխատանքներն ավարտվելուց հետո միայն պարզ կդառնա առաջիկայում իրականացվող գործողությունների ամբողջ ծավալը: Էրդողանի խոսքով՝ Հաթայ նահանգում նախատեսում են կառուցել 183.000 բնակելի տուն և 15.000 առանձնատուն։
ՉԺՀ-Ն ԴԵՄ Է ԹԱՅՎԱՆԻ ՀԱՐՑՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆԸ. ԾԻՆՓԻՆ
Չինաստանը դեմ է Թայվանի հարցում արտաքին միջամտությանը և կղզու անկախությանը միտված անջատողական ցանկացած գործունեությանը՝ հայտարարել է 14-րդ գումարման Ազգային ժողովրդական կոնգրեսի առաջին նստաշրջանի փակման արարողության ժամանակ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։ Մենք պետք է հավատարիմ մնանք «Մեկ Չինաստան» սկզբունքին և պահպանենք 1992 թվականի կոնսենսուսը՝ հայտարարել է Չինաստանի նախագահը՝ հավելելով, որ Պեկինը մտադիր է անշեղորեն առաջ տանել Թայվանի հետ վերամիավորման գործընթացը։
ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ
Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ երեկ տեղի է ունեցել երկրի պատմության մեջ ամենազանգվածային բողոքի ցույցը: Ըստ ԶԼՄ-ների՝ կես միլիոն մարդ է դուրս եկել Իսրայելի փողոցներ ընդդեմ վարչապետ Բենիամին Նեթանյահուի նոր կառավարության առաջարկած դատական համակարգի բարեփոխման։ Ցույցերի մասնակիցները հայտարարում են, որ պաշտպանելու են ժողովրդավարությունը, որը, նրանց հավաստմամբ, ոտնձգության է ենթարկվել Բենիամին Նեթանյահուի իշխանության կողմից։ Վարչապետն էլ վստահեցնում է, որ դատարանների լիազորությունները սահմանափակող բարեփոխումը կվերականգնի իշխանության թևերի միջև հավասարակշռությունը։