Սնունդ, քաղցրեղեն, միրգ, բանջարեղեն. գետնին դրված մեծ տոպրակները դատապարտյալների ու կալանավորների համար նախատեսված հանձնուքներն են: Հարազատներն են բերել, ոմանք նախորդ օրվանից են հերթի մեջ, ասում են՝ փշալարերից ներս ամենապահանջվածը խմելու ջուրն է:
Յուրաքանչյուր կալանավոր կամ դատապարյալ, ըստ գործող կարգի, շաբաթական կարող է առավելագույնը 20 կգ ծանրոց ստանալ, դրանում ներառված են թե՛ սնունդը, թե՛ հեղուկը: Որոշ ՔԿՀ-ներում, սակայն, խմելու ջրի լուրջ խնդիր կա: «Արմավիրը» դրանցից մեկն է: Այն, որ ջուրն առանձին պետք է լինի, անազատության մեջ հայտնվածները խնդրի մասին վաղուց են բարձրաձայնում, արդարադատության նախարարությունում ասում են՝ հաշվի առնելով իրավիճակը, նաև ուսումնասիրության արդյունքները, որոշել են վերանայել ցանկը:
Լևոն Բալյան (ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ) - Մենք ունենք ՔԿՀ-ներ, որտեղ կա խմելու ջրի խնդիր, որակի, ժամային գրաֆիկի, սենց խնդիրներ: Եվ կան խնդիրներ՝ կալանավորված կամ դատապարտյալների առողջական խնդիրների հետ կապված, կան ցուցումներ, օրինակ՝ շշալցված ջրից օգտվելու վերաբերյալ, ոչ ծորակի ջրից, և էստեղ հարցեր էին առաջանում՝ գտնել կարգավորումներ, գտնել լուծումներ հանձնուքների չափի մեջ չներառելու խմելու ջուրը:
Փոփոխության նախագիծն արդեն շրջանառվում է, Բալյանի խոսքով՝ հեղուկները կառանձնացվեն մնացած իրերից, ու շաբաթական 20 կգ-ից բացի կթույլատրվի նաև առավելագույնը 20 լիտր ջրի հանձնում:
Մինչև ճաղերից ներս տանելը հանձնուքները նախ անցնում են հատուկ ստուգում: Արտաքին զննություն, ապա՝ ռենտգեն սարքով:
Գևորգ Գյուլամիրյան («Արմավիր» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ) - Ռենտգենային-ճառագայթային սարք ա, որը խորապես ցույց ա տալիս, թե ներսում ինչ կա, տարբեր՝ և՛ օրգանական նյութերը, և՛ անօրգանական նյութերը, դրանից հետո եթե ակնհայտ ինչ որ մեր կողմից նկատում ենք՝ որևէ թաքնված բան կա կամ չթույլատրված, նույն ձևի վեշը վերցնում են, ամբողջությամբ բացում ենք ու զննություն ենք կատարում
Հանձնուքները տեղում նաև կշռվում են: Աշխատակիցն ասում է՝ պատրաստի բլանկում մանրամասն գրվում է, թե ծանրոցում ինչ կա, քանի հատ, քանի կգ: «Արմավիր» ՔԿՀ-ն, որ ամենամեծն է, 977 դատապարտյալ ու կալանավոր ունի, այս մեկ պատուհանի միջոցով օրական 70-100 հանձնուք է ընդունում: Նոր կարգով կվերանայվի ոչ միայն հեղուկի չափը, այլև կհստակեցվի, որ 20 կգ-ի մեջ չեն մտնելու անկողնային պարագաներն ու դատապարտյալների համար թույլատրելի կենցաղային տեխնիկան:
Լևոն Բալյան - Փորձել ենք նոր լուծումը ձևակերպել այնպես, որ այդ առարկաները չմտնեն այդ 20 կգ սահմանաչափի մեջ, այսինքն հանձնուքն ու ծանրոցը կարող է 20 կգ շաբաթական ստանալ, սակայն դրա հետ մեկտեղ՝ ստանալ 20 լիտր ջուր, անկողնային պարագաներ, ստանալ կենցաղային տեխնիկա, որը որ թույլատրելի է:
Արդարադատության փոխնախարարի խոսքով՝ անցած տարի հանձնուքներն ավելացել են, բայց ոչ թե քաշով, այլ բերելու հաճախականությամբ: Նախկինում քաշային սահմանափակում չկար, ու երբ ֆիքսվեց շաբաթական 20 կգ-ը, հարազատները գրեթե ամեն շաբաթ ծանրոց են կապում: 2022-ին ՔԿՀ-ներում 49.404 հանձնուք է ընդունվել: