ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը, հայտնել է, որ ընդհանուր առմամբ ոլորտում ծրագիրը կատարվել է 89-90 տոկոսով:
Նախարարը նշել է նաև, որ ձեռք է բերվել ստի ժամանակակից դետեկտոր՝ պոլիգրաֆ, որն արդեն գործարկվում է: Ձեռք է բերվել նաև հատուկ սարքավորում` նախատեսված փաստաթղթերի, թղթադրամների, ձեռագիր գրառումների և ստորագրությունների, լիարժեք հետազոտության կատարման համար: Նոր տեխնիկայով հնարավոր է դարձել նաև մոդելավորել ու ստանալ դեպքի վայրի, դրանում առկա հրազենային վնասվածքների տեղակայությունների 3D ձևաչափով պատկերներ և պարզել հրազենային վնասվածքներն առաջացնող զենքի և կրակողի դիրքը դեպքի վայրում:
Տնային կալանք և վարչական կալանք կիրառելու նպատակով ձեռք են բերվել էլեկտրոնային հսկողության անհրաժեշտ միջոցներ՝ շուրջ 200 միավոր՝ ձեռքին կամ ոտքին կրելու համար: Նախարարի տեղեկացմամբ՝ վերջին 2-3 ամսվա ընթացքում նման 70 որոշում է կայացվել, համակարգն արդյունավետ աշխատում է:
Նախատեսվում է փակել 4 քրեակատարողական հիմնարկ և դրանց փոխարեն կառուցել նոր, ժամանակակից քրեակատարողական հիմնարկ:
Ի պատասխան պատգամավոր Արփինե Դավոյանի հարցի՝ նախարարը պարզաբանել է, որ 3-ով ընդլայնվել է անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց շրջանակը: Մասնավորապես, հանրային պաշտպանի ծառայությունից կարող են օգտվել պայմանագրային զինծառայողները, անչափահասները: 10-ով ավելացել է հանրային պաշտպանների թիվը: Նպատակ կա ավելացնել հանրային պաշտպանների աշխատավարձի չափը:
Հանձնաժողովը զեկույցն ընդունել է ի գիտություն: