ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում շարունակվող հումանիտար ճգնաժամը:
Այս համատեքստում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է մարտի 5-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված ահաբեկչական գործողությանը և դրա հետևանքներին: Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հաղթահարման համատեքստում ՀՀ վարչապետը կարևորել է ՌԴ-ի կողմից հասցեական արձագանքը:
Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ:
Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հայտարարությունների իրականացմանը վերաբերող հարցեր: