Ռուսաստանն Իրանին Սու-35 կործանիչներ կմատակարարի: Թեհրանը հայտարարել է Մոսկվայի հետ համաձայնագրի կնքման մասին, ռուսական կողմը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել գործարքը։
«Սու-35 կործանիչները տեխնիկապես հարմար են Իրանին, և Թեհրանը վերջապես հաստատել է դրանց գնման պայմանագիրը»,- իրանական IRIB հեռուստառադիոընկերությունը մեջբերել է ՄԱԿ-ում իրանական առաքելության անանուն աշխատակցի խոսքը։
Իրանական լրատվամիջոցի աղբյուրը չի նշել գործարքի գումարը և չի հայտնել դրա մանրամասները։ Նա հավելել է, որ Թեհրանը շահագրգռված է նաև մի քանի այլ երկրից ռազմական ինքնաթիռներ գնելու հարցում։
Իրանի ռազմաօդային ուժերն ընդամենը մի քանի տասնյակ մարտական ինքնաթիռներ ունեն. դրանք ռուսական և հին ամերիկյան մոդելներ են, որոնք մնացել են Իրանում 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից հետո, գրում է BBC-ն:
2018 թվականին Իրանը հայտարարեց, որ սկսել է սեփական Kowsar կործանիչի արտադրությունը։ Որոշ փորձագետների կարծիքով՝ դա ամերիկյան F-15-ի կրկնօրինակն է:
Ռուսաստանի և Իրանի միջև ռազմատեխնիկական համագործակցության կապակցությամբ ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել էր, որ երկու երկրները սկսել են միմյանց ցուցաբերել աննախադեպ ռազմական աջակցություն։