ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ 9.1 %-Ը ԲԱԺԻՆ Է ԸՆԿԵԼ ԲԱՔՎԻՆ
2018-2020 թվականներին Ադրբեջանը դարձել է երկրորդ երկիրը, ուր Իսրայելն ամենից շատ սպառազինություն է արտահանել։ Այս մասին ասվում է Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտության ինստիտուտի զեկույցում:
Նշվել է, որ նշված ժամանակահատվածում իսրայելական զենքի արտահանման 9,1 տոկոսը բաժին է ընկել Ադրբեջանին։ 2018-2022 թվականներին Իսրայելից ամենից շատ զենք է արտահանել Հնդկաստանը։ Հնդկաստան զենքի արտահանումը կազմել է Իսրայելի սպառազինության ընդհանուր արտահանման 37 տոկոսը։ Երրորդ հորիզոնականում Ֆիլիպիններն է:
Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտության միջազգային ինստիտուտի տարեկան զեկույցի համաձայն՝ 2022 թ. Ուկրաինան աշխարհում երրորդ տեղն է զբաղեցրել սպառազինությունների ներմուծման ծավալով՝ Կատարից և Հնդկաստանից հետո։ 2018 թ.-ից ի վեր հինգ տարում Ուկրաինան զենքի ներմուծման ծավալով 14-րդն է: Կիևի խոշորագույն մատակարարներն են եղել ԱՄՆ-ը, Լեհաստանը և Գերմանիան:
ԲԵԼԱՌՈՒՍԸ ԵՎ ԻՐԱՆԸ ԿԱՄՐԱՊՆԴԵՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Իրանի նախագահը Սաադաբադ համալիրում դիմավորել է Բելառուսի նախագահին: Արարողության ժամանակ հնչել են Իրանի և Բելառուսի օրհներգերը, այնուհետև երկու երկրների նախագահները հետևել են Սաադաբադ համալիրում կայացած զինվորական պահակախմբի երթին: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Սաադաբադ պատմամշակութային համալիրում մեկնարկել է Իրանի և Բելառուսի նախագահների հանդիպումը: Նեղ կազմով հանդիպումը տևել է 1 ժամ: Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ Իրանի և Բելառուսի հարաբերություններում վերջին երկու տարիների ընթացքում բեկում է արձանագրել:
Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ Բելառուսն ու Իրանը հասկացել են, որ պետք է զարգացնեն սերտ համագործակցությունը։ Կողմերը պայմանավորվել են սերտորեն գործակցել արևմտյան պատժամիջոցների հետևանքների հաղթահարման դեմ:
Բանակցություններից հետո Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ստորագրել են երկրների միջև 2023-2026 թվականների համապարփակ համագործակցության ճանապարհային քարտեզը: Ճանապարհային քարտեզը նախատեսում է Բելառուսի և Իրանի միջև համապարփակ համագործակցություն քաղաքական, տնտեսական, հյուպատոսական, գիտական և տեխնիկական, ինչպես նաև կրթության, մշակույթի, արվեստի, լրատվամիջոցների և զբոսաշրջության ոլորտներում:
ՉԻՆԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՋՈՐԴ ՇԱԲԱԹ ԿԱՅՑԵԼԻ ՄՈՍԿՎԱ
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը պլանավորում Է Մոսկվա այցելել արդեն հաջորդ շաբաթ՝ նախատեսվածից ավելի վաղ. տեղեկությունը հայտնել է Reuters գործակալությանը՝ հղում կատարելով իր աղբյուրներին: Հրապարակման համաձայն՝ Սի Ծինփինը մտադիր է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։
Չինաստանի արտգործնախարարությունը չի պատասխանել Չինաստանի նախագահ Մոսկվա մեկնելու մասին հարցին: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ նշել է, որ դեռ ոչինչ չի կարող ասել այցի մասին. նա ընդգծել է, որ այդ մասին կհայտարարվի, երբ կողմերը պատրաստ լինեն։
Ավելի վաղ The Wall Street Journal-ը հաղորդել էր, որ Չինաստանի ղեկավարի այցը Մոսկվա կարող է տեղի ունենալ ապրիլին կամ մայիսի սկզբին: Պուտինն իր չինացի գործընկերոջը Մոսկվա Էր հրավիրել անցած տարվա վերջին տեսակապով անցկացված բանակցությունների ժամանակ։ Reuters-ը նշում է, որ Չինաստանի նախագահ ընտրվելուց հետո Սի Ծինփինը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպել է 39 անգամ:
ԿՀԱՆԴԻՊԵՆ ՌԴ, ԻՐԱՆԻ, ՍԻՐԻԱՅԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ
Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի և Թուրքիայի ներկայացուցիչները մարտի 15-16-ն ընկած ժամանակահատվածում Սիրիայի հարցով աշխատանքային հանդիպում կանցկացնեն Մոսկվայում: Հանդիպման օրակարգում ներառված է թե՛ Սիրիա-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը, թե՛ վերջերս Սիրիայում ստեղծված իրավիճակը: Մոսկվայում կայանալիք քառակողմ հանդիպման մասին ավելի վաղ հայտնել էր Թուքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ Անկարայում հրավիրված համատեղ ասուլիսում: