Հրաչյա Մուրադյան (մետաղի վերամշակմամբ զբաղվող ընկերության տնօրեն) - Էլեկտրոնային վառարանն ա, որի միջոցով ստանում ենք հալված մետաղ, մոտավորապես 1600-1700 Ցելսիուս աստիճան տաքությամբ:
40 տոննայանոց վառարանի աշխատանքը կանգնում է միայն լիցքավորման պահին, ջարդոնի հերթական խմբաքանակն է հիմա լցվում, որ կոշտ ու ամուր մոխրագույն կտորներից ջրի պես հոսող հեղուկ ստանան, իրենց ուզած չափն ու ձևը տան:
Արդեն 10 տարուց ավելի մետաղի վերամշակմամբ զբաղվող ընկերությունը շուկայի առաջատար խաղացողներից է: Շինարարության մեջ անհրաժեշտ պողպատե ամրաններ ու հանքաքարի մանրեցման համար անփոխարինելի աղացագնդեր են արտադրում: 2022-ին 120 հազար տոննա արտադրանք են տվել, բայց բավարարվել եղածով չեն պատրաստվում: Այս հոսքագծերի կողքին շուտով նորերը կտեղադրեն, վարկային պայմանագրերն անցած ամռանն են կնքել՝ օգտվելով տնտեսության արդիականացման պետական ծրագրից: Դրանք ճանապարհին են, լոգիստիկ խնդիրների պատճառներով են ուշանում՝ պատմում է տնօրենը, Մուրադյանը հույս ունի՝ առաջիկա մեկ-երկու ամսում պատվերը տեղ կհասնի, նոր ապրանքով շուկա կմտնեն:
Հրաչյա Մուրադյան - Պողպատե ամրալարերի արտադրություն ենք կազմակերպելու, որը որ Հայաստանում էս պահին չկա, մենք փոխարինում ենք ներմուծումը տեղական արտադրատեսակներով:
Արտադրությունն ընդայնելու, սարքավորումներն էլ արդիականացնելու մտադրությունը կարողացան արագ իրագործել պետության կողմից սուբսիդավորվող վարկերի շնորհիվ՝ մանրամասնում է Մուրադյանը: 2 բանկից ավելի քան 200 մլն դրամի 4 վարկ են վերցրել: Վարկի տոկոսն, իրենց դեպքում, 36 ամիս կսուբսիդավորվի, իսկ այդ ընթացքում, ինչպես ղեկավարն է վստահեցնում, կհասցնեն նոր թափ հավաքել, որ ժամկետի ավարտին բանկի հետ մենակ մնալը ծանր բեռ չդառնա բիզնեսի համար:
Հրաչյա Մուրադյան - 2022-ին մենք ներգրավվել ենք այդ վարկային միջոցներն ու 2022-ին հաշվարկված մեր տոկոսային ծախսերը կազմել են շուրջ 217 միլիոն դրամ, որից 156 միլիոնը պետության կողմից սուբսիդավորվել է:
Հոսքագծերից բացի, պետական ծրագրով նաև ծանր տեխնիկա են ձեռք բերել՝ քարշակներ, կցորդիչներ, ջարդոնահավաքներ: Թեև արտադրության ծավալները փոքր չեն, 22-ի խոշոր հարկատուների ցանկում էլ 34-րդն են՝ բյուջե վճարած 6.7 միլիարդ դրամով, հազիվ հասցնում են ներքին շուկայի պահանջարկը բավարարել: Վստահ են՝ նոր ծրագրի շնորհիվ նոր աշխատատեղեր էլ կստեղծեն, այժմ 630-ից ավելի աշխատող ունեն, միայն 135-ն անցած տարի են միացել թիմին:
Կլինի մետաղի վերամշակում թե արդյունաբերության մեկ այլ ճյուղ՝ էական չէ, պետական ծրագրի թիրախները լայն են: Գործիքը գրեթե մեկ տարի աշխատում է, ու ոլորտային նախարարությունում գոհ են արդյունքներից: Էկոնոմիկայի փոխնախարարն ամփոփում է թվերը՝ 2022-ի մարտից մինչև 23-ի փետրվարն արդեն 60 միլիարդ դրամի տեղաբաշխում է արվել:
Ռաֆայել Գևորգյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Մենք բազմիցս շփվում ենք ներդրողների հետ, ու այն ներդրողները, որ մտածում էին տարաժամկետ՝ մի քանի տարվա մեջ էդ ներդրումն անել կամ անել շատ ավելի փոքր ծավալի ներդրում, աջակցության առկայության պարագայում ծավալները կտրուկ մեծացրել են, քանի որ կա դրա սպառման շուկան:
Դրամային լիզինգի դեպքում պետությունը սուբսիդավորում է 10 տոկոսը, արտարժույթի պարագայում՝ 8-ը: Վարկերի համար դրանք 2-ական տոկոսով ավելի ցածր են: Գևորգյանը բացատրում է՝ նախապատվությունը տալիս են լիզինգին՝ որպես ռիսկերի ավելի կառավարելի գործիք:
Ռաֆայել Գևորգյան - Նախորդ տարվա մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ դրամի պարագայում 3-4 տոկոս է միջինում արժեցել դրամային վարկը, որը բավականին լավ ցուցանիշ է՝ հաշվի առնելով ԿԲ-ի կողմից շարունակաբար բարձրացվող վերաֆինանսավորման տոկոսադրույքը, իսկ արտարժութային վարկերի պարագայում շատ դեպքերում 0 տոկոս է վերջնական վարկը հասել սպառողին:
Այն, որ ծրագիրն իրոք բիզնեսի սրտով է, փոխնախարարը նկատում է՝ արդեն 1000-ից ավելի պայմանագիր ունեն կնքված, իսկ վարկավորման պորտֆելի կեսից ավելին բաժին է հասնում է ՓՄՁ-ներին:
5-10 րոպե, ու պաստառների անհրաժեշտ տպաքանակը պատրաստ է: Այս ծավալի պատվեր կատարելու համար նախկինում մի քանի ժամ կպահանջվեր, փաստում է տպագրատան տնօրենը: Պետական ծրագրից իրենք էլ են օգտվել, սուբսիդավորվող տոկոսով լիզինգի մասին բանկից են իմացել, պատվերը չեն ուշացրել, հանել են հինն ու տեղն արդեն մեկ ամիս դրել նոր՝ 80 հազար եվրո արժողությամբ ճապոնական տպիչը:
Նոր սերնդի սարքի առանձնահատկությունը 5-րդ գույնի տպագրությունն է, գույնը փոփոխվող է, ինչն իրենց մրցակցային առավելություն է տալիս: Հենց տեղում գործով բացատրում է՝ ինչպես արագ ու ավելի մատչելի կարող են նոր որակ ստանալ, նաև դիզայներական թղթերի վրա:
Ակսել Թևոսյան (տպագրությամբ զբաղվող ընկերության հիմնադիր տնօրեն) - Մենք նույն լոգոտիպը տպեցինք էս 5-րդ գույնի երկու տարբեր տոներներով, սա ոսկեգույնն ա, սա արծաթագույնը, ու էս գույները սովորական տպագրության եղանակով ստանալ հնարավոր չի:
Գործը թեև սեզոնային է, տարվա առաջին ամիսներն էլ ավելի պասիվ են, ընկերությունում չեն դժգոհում: 15 աշխատակից ունեն, նոր սարքի շնորհիվ էլ ակնկալում են ավելի շատ պատվերներ ստանալ: Թևոսյանի խոսքով՝ նույն ծրագրով երկրորդ վարկային պայմանագիրն են կնքել, նույնից, բայց սև ու սպիտակ տպագրության սարք են պատվիրել: Տնօրենը կարծում է՝ բիզնեսի համար սա շահավետ ծրագիր է:
Ակսել Թևոսյան - Էս տարի արդեն որ պայմանագիրը կնքեցինք, սկսեցին, 1 տոկոս եղավ մեր համար, մենք ընդամենը 1 տոկոս ենք վճարում, որովհետև, եթե չեմ սխալվում, 10 տոկոսային կետը սուբսիդավորվում է պետության կողմից, ու դա իդեալական պայմաններ են:
Անցած օգոստոսին ծրագիրն ընդլայնվեց, արդյունաբերությունից բացի ընդգրկելով նաև այլ ոլորտներ: Տարեվերջի տվյալով, սակայն, շահառուների առյուծի բաժինը՝ 76 տոկոսը մշակող արդյունաբերությունից է, 12 տոկոսի է հասնում շինտեխնիկայի ձեռքբերումը, մնացած 12 տոկոսն էլ ՏՏ, առողջապահական, կրթական ծառայություններ մատուցող կազմակերպությունները, նաև գիտության որոշ ուղղություններն են:
Ռաֆայել Գևորգյան - Կարծում ենք, որ ծրագիրը բավական քանակի տնտեսական արդունք է ստեղծել, քանի որ կմեծանա ծրագրի առկայության պարագայում արտահանման ծավալը, արտադրության ծավալները, նաև աշխատատեղերի քանակը:
Փոխնախարարի խոսքով՝ շատ շահառուներ կան քիմիական ու մետալուրգիական արդյունաբերությունից, մետաղաձուլական նոր կարողություններ են ստեղծվում, պետական այս աջակցությամբ հետաքրքրված են նաև կաշեգործները, ապակու արտադրության ոլորտում էլ տարածաշրջանի մակարդակով մրցունակ սարքավորումներ են ձեռք բերում: Բիզնեսին Գևորգյանը հորդորում է շահառու դառնալ մինչև տարեվերջ, այս պահին վերջնաժամկետը 23-ը դեկտեմբերն է: