Շիրակի մարզում կարագի արտադրությամբ զբաղվող ընկերությունը հիմնական արտադրանքը արտահանում է Ռուսաստան՝ ամսական մինչև 300 տոննա: 2019-ին հիմնված ընկերությունը 4 տարվա ընթացքում հասցրել է ամրապնդել դիրքերը, ու արդեն պլանավորում են ընդլայնվել՝ 5000 գլխաքանակով կաթնատու անասնագոմ հիմնել:
Արթուր Առնավուտյան («Արտ-տրանզիտ» ընկերության հիմնադիր-տնօրեն) -
Մինչև էս պահը կապիտալ ներդրումը մեր կազմում ա մոտավորապես 800 մլն դրամ, շրջանառությունը ամսական հասել ենք արդեն մոտավորապես 5-600 մլն դրամի:
Այս ընկերությունը «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի սպասարկած հարյուրավոր ներդրումային ծրագրերից մեկն է:
Արթուր Առնավուտյան - Ներդրումների աջակցման կենտրոնի կողմից եղել է խորհրդատվական ծառայություն անվճար, իրենց օգնությամբ կազմվել է մեր ներդրումային ծրագիրը, որը կառավարություն ներկայացնելուց հետո 19 թվականին ստացել ենք մաքսատուրքից ազատում և ԱԱՀ-ի հետաձգում, որը իրականում մեր բիզնեսին շատ օգնել է:
Ընդհանուր առմամբ կառավարության հիմնադրած «Էնթերփրայզ Արմենիա»-ին նախորդ տարի ավելի քան 600 գործարար և ներդրող են դիմել, 350-ը՝ ԱՊՀ երկրներից դեպի Հայաստան բիզնեսի ընդլայնման համար:
Արամ Վարդանյան («Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի ներդրումների գծով տնօրեն) - Խոսելով մեր կողմից ուղեկցվող առավել խոշոր ներդրումային նախաձեռնությունների մասին նշեմ, որ դրանց թիվը 40-ից ավելին է, գումարային շուրջ 2.5 մլրդ դոլար արժողությամբ, իսկ արդեն իսկ այդ թվում 22 թվականին մեկնարկած ծրագրերի թիվը 2 տասնյակից ավելին է, դրանց հայտարարված և նախատեսվող ներդրումների ծավալը շուրջ 350 մլն է:
Աջակցում են թե՛ տեղացի, թե՛ օտարերկրյա ներդրողներին, մեկ պատուհանի սկզբունքով փորձում լուծել գործարարների բոլոր խնդիրները: Արամ Վարդանյանը վստահեցնում է՝ ներդրման ծավալը էական չէ, բոլորին նույն կերպ են վերաբերվում:
Արամ Վարդանյան - Ընթացակարգերը աջակցության տրամադրման տարբեր են, եթե դա խնդիր է, որը խոչընդոտում է ծրագրի իրականացմանը, ապա մենք լծվում ենք այդ խնդրի լուծմանը, եթե դա նոր ներդրումային նախաձեռնություն է, ապա առաջին իսկ մեր հանդիպման քննարկման շրջանակներում մենք քարտեզագրում ենք այն աշխատանքները, որը ներդրողը և մենք միասին պետք է իրականացնենք բոլոր շահագրգիռ գերատեսչությունների հետ:
Մասնագետների գնահատմամբ՝ գործարարներին ներդրում կատարելիս երկու կարևոր հարց է հետաքրքրում, որից էլ կախված է հետագա ընթացքը:
Հայկ Բեջանյան («Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ) - Առաջինը կայունությունը և երկրորդը՝ իր ներդրման դիմաց պարգևավճարը: Երբ որ մենք վերլուծում ենք, թե որքան ա ռիսկի պարգևավճարը մեր երկրում և այլ համադրելի երկրների հետ, ապա տեսնում ենք, որ մեզ մոտ էդ թիվը մենք մրցակցության մեջ զիջում ենք մեր մրցակիցներին, սա բազմաթիվ գործոններով ա պայմանավորված, սկսած արտադրողականության մակարդակ, փոխարժեքի տատանումներ և այլն:
Հայկ Բեջանյանի խոսքով՝ ներդումային ծրագրերը քննարկելիս պետք է առաջնորդվել երկրի համար հետաքրքրություն ներկայացնող ոլորտներով, որոնք ներառական աճ կարող են ապահովել տնտեսության համար և անհրաժեշտության դեպքում փոխարինեն ներմուծմանը:
Հայկ Բեջանյան - Պետք ա համապատասխան կառույցները համալիր ուսումնասիրություններ իրականացնեն, էդպիսով բացահայտելով էն ոլորտները, որի զարգացման կարիքը մենք ունենք որպես պետություն: Երկրորդը, բնականաբար, շահութաբերության ուսումնասիրությունն ա, և հասկանալ, թե էդ եկած ներդրողին, որը որ պատրաստ ա մեզ մոտ ներդրում կատարելու, իրեն ո՛ր ուղղությամբ պետք ա ուղղորդել, որպեսզի ինքը կարողանա ստանալ էդ ակնկալվող շահույթի մակարդակը և ձեռնունայն չհեռանա մեր երկրից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Էնթերփրայզ Արմենիա»-ի վերաբերյալ քննարկումներում նաև ներդրողների համար ստեղծվող բարդություններին է անդրադարձել՝ շեշտելով, որ պետք է ամեն ինչ անել, որ գործընթացը սահուն լինի: Ըստ Վարդանյանի՝ այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկում են, և առաջացող հիմնական հարցերն էլ տեխնիկական բնույթի են:
Արամ Վարդանյան - Այսինքն՝ օրինակ՝ եթե ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է պետական գույքի օտարում, դա խնդիր չի, դա ուղղակի գործընթաց է, որը շատ դեպքերում կարող է լինել տևական, բայց անվանել դա խնդիր ես չէի ասի: Նույնը վերաբերում է քաղաքաշինական թույլտվություններ կամ այլ թույլտվություններ ստանալու համար, կարող են լինել ձգձգումներ, բայց ես դրանք խնդիր չէի անվանի:
Հայաստանում արդեն 24 տարի գործող իտալական «Ռենկո» ընկերությունը, օրինակ՝ մեր երկրում շուրջ կես միլիարդ դոլարի ներդրում է իրականացրել, ամենախոշորը՝ Երևանում՝ 2021 թվականին շուրջ 300 մլն դոլարի հասնող ջերմաէլեկտրակայանն էր: Այդ ներդրման ժամանակ փոքր խնդիր առաջացել է՝ նշում է ընկերության տնօրեն Անդրեա Դելլասանտան, սակայն արագ լուծում է տրվել:
Անդրեա Դելլասանտա («Ռենկո Արմէստեյտ» ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն) - Քանի որ մեծ, բարդ ծրագիր էր, մենք շատ արտասահմանյան մասնագետներ ենք ներգրավել, և անհրաժեշտ էր, որպեսզի նրանք Հայաստան ժամանեն, պայմանագիր ունենան և աշխատեն, բայց կային օրենսդրական կարգավորումներ, որոնք դանդաղեցնում էին աշխատանքն ու թույլտվություն ստանալու գործընթացը: «Էնթերփրայզ Արմենիա»-ի աջակցությամբ բյուրոկրատական քաշքշուկներից և խոչընդոտներից խուսափեցինք ու արագ հաղթահարեցինք խոչընդոտները:
Ընկերությունն իրեն հարմարավետ է զգում Հայաստանու՝ վստահեցնում է Անդրեա Դելլասանտան՝ նշելով, որ պլանավորում են առաջիկայում՝ ևս 100 մլն դոլարի ներդրում իրականացնել:
Անդրեա Դելլասանտա - Քաղաքաշինական ծրագիր է, արդեն թույլտվությունների ստացման փուլում ենք և ապրիլից պլանավորում ենք մեկնարկել շինարարությունը: Նաև մեր գործընկեր «Սիմենս» ընկերության հետ նախատեսում ենք մասնակցել Հայաստանը Վրաստանին կապող էլեկտրագծերի և կայանների կառուցման մրցույթին:
Ներդրողներին մեր երկրում հիմնական հետաքրքրող ոլորտներն են՝ գյուղատնտեսությունը, վերամշակող արդյունաբերությունը, բնակարանաշինությունը, զբոսաշրջային ենթակառուցվածքները և տեղեկատվական տեխնոլոգիաները՝ նշում է Արամ Վարդանյանը: Իսկ ներդրման համար հիմնական դիմողները՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Իրանից, Վրաստանից և եվրոպական երկրներից են, շատ դեպքերում նաև այնտեղ բնակվող սփյուռքահայ գործարարներն են: Սկսած հարկային արտոնությունից մինչև ներդրումները խթանող գործիքներ՝ իրենց դիմողներին դաշտն ամբողջությամբ ներկայացնում են:
Արամ Վարդանյան - Նախորդ տարվա ընթացքում մեկնարկեց «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» ծրագիրը, որով ենթադրվում է, որ կառավարությունը ընդհանուր իրականացվող ներդրումների ծավալի 10 կամ 20 տոկոսի չափով կարող է տրամադրել ենթակառուցվածքներ՝ ներդրումային ծրագրի իրականացման շրջանակներում: Կան նաև ֆինանսական գործիքներ, օրինակ՝ Պետական հետաքրքրությունների ֆոնդը, որը կարող է համաներդրում անել պետության կողմից տարբեր ներդրումային ծրագրերում:
2020 թվականից գործող «Էնթերփրայզ Արմենիա»-ն արդեն սպասարկել է շուրջ 1500 գործարարների, իսկ ներդրում կատարած ընկերություններին նաև հետներդրումային սպասարկում են իրականացնում՝ հետագա խնդիրները կարգավորելու համար:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան