20.7 մլրդ դրամի պետական գույք է օտարվել և մասնավորեցվել 2022 թվականին: Ցուցանիշը նախորդ տարիների արդյունքները գերազանցում է մոտ 20 անգամ: 2020-ին օտարված և մասնավորեցված պետական գույքի արժեքը կազմել է 1.7 մլրդ դրամ, 2021-ին՝ 1.4: Վերջին հինգ տարվա ընթացքում ամենաբարձր ցուցանիշը եղել է 2018-ին, երբ օտարվել ու մասնավորեցվել է 2.6 մլրդ դրամի գույք: Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահն այս արդյունքը պայմանավորում է կոմիտեի աշխատանքների արդյունավետության բարձրացմամբ, անշարժ գույքի շուկայում և կառուցապատման ոլորտում տնտեսական ակտիվությամբ, ինչպես նաև օտարման նոր, ավելի ճկուն գործիքների կիրառմամբ:
Առնակ Ավետիսյան (ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ) - Նախորդ տարիների հետ համեմատության մեջ, օրինակ՝ կարող եմ նշել տարաժամկետ վճարման համակարգի առավել լայն օգտագործումը, կիրառումը: Սրանով մենք հնարավորություն ենք տվել խոշոր գույքերի օտարման գործընթացի մասնակիցներին՝ իրենց վճարումները, գույքի արժեքի վճարումները տարաժամկետել որոշակի տարիների վրա: Ունենք առավելագույնը հինգ տարվա ցուցանիշներ այն գույքերի, որոնց արժեքը գերազանցում է շուրջ մեկ միլիարդ դրամը:
Տարաժամկետ վճարման համակարգի գործարկմամբ ավելացել է աճուրդների մասնակիցների քանակը, ինչի արդյունքում գույքերն օտարվում են մեկնարկայինից շատ ավելի բարձր արժեքներով: Աճուրդի մասնակիցներին նաև ներդրումային ծրագիր իրականացնելու պարտադիր պահանջ է ներկայացվում:
Առնակ Ավետիսյան - Այսպես հնարավորություն ենք ունենում գույքի օտարման արդյունքում մեծ ներդրումային ծրագրեր ներգրավել, վերցնել ներդրումային մեծ պարտավորություններ, որն իր հերթին բերում է արդեն նաև տնտեսական մեծ շրջանառության, և արդյունքում բյուջետային մուտքերը հետագա տարիների այդ շրջանառության արդյունքում մուլտիպլիկատիվ էֆեկտով շատ ավելի մեծանում են:
2022-ին պետական գույք ձեռք բերած անձինք ստանձնել են 84.2 մլրդ դրամի ներդրումային պարտավորություն: Վերջին 5 տարվա ընթացքում այս ուղղությամբ ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել էր 2020-ին՝ 6.9 մլրդ դրամ:
Առնակ Ավետիսյան - Դրանց չիրականացման դեպքում գույքերը, իրենց վրա արդեն իսկ կատարված ներդրումներով, հետ են վերադարձվելու պետությանը, նաև համապատասխան տույժ-տուգանքների վճարման պարտադիր պայմանով:
Ամենամեծ ներդրումային ծրագիրը ներկայացվել է Երևանի Օրբելի եղբայրների փողոցում գտնվող նախկին ռուսական զինվորական հոսպիտալի շենքի համար: Կառույցն օտարվել է 7.1 մլրդ դրամով: Աճուրդի հաղթողը պարտավորվել է 70 մլրդ դրամի ներդրում կատարել:
Առնակ Ավետիսյան - Տեղում պետք է կառուցվեն բազմաֆունկցիոնալ համալիրներ, ԱյԹի պարկ, տեխնոլոգիական կենտրոններ, բազմաբնակարան համալիրներ, կոմերցիոն համալիրներ և այլն: Այսինքն՝ խոշոր ներդրումային ծրագիր է իրականացվելու Երևանում այս գույքի օտարման արդյունքում:
2022-ի երկրորդ խոշոր գործարքը Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցի օտարումն է եղել: Գույքը 2019 թվականին Մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի ընտանիքի անդամները նվիրաբերել էին պետությանը: Շինությունը վաճառվել է 5 մլրդ դրամով, գնորդը ստանձնել է 4.5 մլրդ դրամի ներդրումային պարտավորություն, որի մեծ մասը, ըստ Ավետիսյանի՝ արդեն իրականացվել է:
Առնակ Ավետիսյան - Շուտով հյուրանոցը կհանձնվի շահագործման տարիներով պետական հաշվեկշռում արժեզրկվելու փոխարեն՝ ապահովելով նաև տարածքային զարգացում, ապահովելով նաև զբոսաշրջության զարգացում, ինչպես նաև շինարարության ոլորտում մեծ ներդրումներ:
Գույքի գնահատման և աճուրդի կենտրոնը 2022-ին ընդունել է նաև 294 տրանսպորտային միջոց, որից 85-ը վաճառվել են: Ընդհանուր առմամբ, նախորդ տարի վաճառվել է 101 շարժական գույք: Ըստ պատասխանատուների՝ վերջին 5 տարվա համեմատ վաճառված մեքենաների միջին արժեքը 250.000 դրամից հասել է 1.2 մլն դրամի: 2023-ին աճուրդի է դրվել 97 շարժական գույք, վաճառվել են 58-ը:
Արա Խլոյան («Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն) - 15 օր առաջ 22 հատ ոստիկանության «Կորոլա»-ներից ենք վաճառել, մասնակցությունը շատ բարձր էր: Նորից եմ կրկնում՝ կային մեքենաներ, որոնց հայտ էին ներկայացրել մինչև 10-12 անձ:
Արա Խլոյանն այս ցուցանիշը գոհացուցիչ է համարում, ծրագրել են այս տարի օտարել մինչև 500 շարժական գույք: Այս ցուցանիշին հասնելու համար տարվա կեսից նախատեսում են գործարկել էլեկտրոնային աճուրդի մեխանիզմը:
Արա Խլոյան - Էլեկտրոնային աճուրդը փոխարինելու է մարդկանց ֆիզիկապես այցելությունը մեր աճուրդի կենտրոն՝ դիմումներ գրելու, հայտեր ներկայացնելու: Դա փոխարինվելու է արդեն էլեկտրոնային վիճակով, շատ հեշտացնելու է տրանսպորտային միջոց կամ այլ գույք ձեռք բերելը:
Նախորդ տարի պետական գույքի օտարման, վարձակալության և այլ ծառայությունների դիմաց պետական բյուջե է մուտքագրվել 10.9 մլրդ դրամ: Կատարված գործարքների գումարների մյուս մասը պետբյուջե կփոխանցվի առաջիկա տարիների ընթացքում:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան