Ապրելու կամքն է, հաստատ, այն մղիչ ուժը, որուն շնորհիվ Սուրիոյ և ի մասնաւորի Հալէպի բնակիչները կը շարունակեն գոյատևել: Աւերիչ երկրաշարժը դարձավ հալէպահայութեան համար հերթական փորձութիւնը:
Երկրաշարժէն ժամեր անց հայ համայնքի ազգային, միութենական, եկեղեցական կառոյցները փութացին օգնութեան ձեռք երկարել: Բերիոյ Հայոց Թեմի Ազգային և Կաթողիկէ Առաջնորդարանները, Հայ Աւետարանական Համայնքը, Հայ Օգնութեան Միութիւնը, Հայկական Բարեգործական Ընդհանուր միութիւնը, Կրթասիրաց Մշակութային Միութիւնը և անոնց կողքին մարզական, մշակութային, երիտասարդական միութիւններ, իւրաքանչիւրը իր հնարաւորութիւններու սահմաններուն մէջ օժանդակութեան շտապ միջոցներ ձեռնարկեց:
ՄԻՀՐԱՆ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆ (Բերիո հայոց թեմի ազգային առաջնորդարանի դիվանապետ) - Առաջին օրը շատ ցնցում էր, ժողովուրդը խուճապի մատնուեցաւ, բոլորը տուներէն դուրս ելան, իջան փողոցները, անմիջապէս ազգային առաջնորդարանը իր կեդրոնները, եկեղեցիները արդէն բացաւ և ժողովուրդը սկսաւ ընդունիլ:
Հայկական եկեղեցիներու և ակումբներու սրահները որպէս ապաստանարան ծառայեցին ոչ միայն այն հայորդիներուն, որոնց բնակարանները վնասուած էր, այլև շարունակուող սարսափազդու ցնցումներու պատճառով փրկութեան լաստ փնտռողներուն:
ԱՐՏԵՄ ՉԻՐԻՇՅԱՆ (Հայ երիտասարդաց միության ատենապետ)
Ժողովուրդին օգտակար դառնալ, սպունգ և ծածկոց ապահովել: Իրենք իրենց հանգիստ կը զգան հոս, բոլորը միասին ըլլալով իրար կը սփոփեն:
Ապաստարան դարձած հայկական կեդրոնները մատակարարեցին սնունդ, դեղորայք և կենցաղային անհրաժեշտ իրեր:
ՄԻՆԱՍ ԱԲԱՋՅԱՆ (Տիգրանյան սրահի պատասխանատու)
Մենք հոստեղ կ՝ապահովենք սնունդ, ուտելիք, ապաստարան, որպէսզի հոս պառկին, աւելի ապահով ըլլան, նոյնիսկ փոքրիկներու կաթ մենք կ՝ապահովենք
ԱՐԱՄ ԱՎԵՏԻՍՅԱՆ (Հ.Մ.Ը.Մ.-ի Հալեպի մասնաճյուղի ատենապետ)
Ճիշդ է, որ պայմանները շատ ծանր են, ցաւալի է մեր ժողովուրդին վիճակը, չէինք կրնար ձեռնպահ մնալ, անոր համար մարզադաշտը ի սպաս դրինք:
Յետ երկրաշարժին արձանագրուած ցնցումներու ուժգնութիւնը հետզհետէ մեղմանալէ ետք երբ հայկական կեդրոններու ապաստանեալներու թիւը հազիւ նուազած էր՝ վրայ հասաւ երկրորդ երկրաշարժը և եկեղեցիներ ու ակումբներ փութացողներուն թիւը կրկին բարձրացաւ:
ՎԵՐԱՊԵՏՎԵԼԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՍԵԼԻՄՅԱՆ (Սիրիայի ավետարանական համայնքի համայնքապետ) - Վերջին 12 տարիներուն բաւական ծանրակշիռ իրականութիւններու մէջ դրուեցաւ մեր ժողովուրդը: Մենք այսօր կը պատսպարենք մի քանի հարիւր ընտանիք: Մարդեր երբ միասին են աւելի ապահով են, ցաւը և դժուարութիւնը բաժնելու պատրաստ կ՛ըլլան:
Երկրաշարժի պատճառով Սուրիոյ հայ համայնքի մարդկային վնասները երկու զոհ և տաս վիրաւոր էին, իսկ նիւթական վնասները` հարիւրաւոր: Այս վնասներու հատուցման նպատակով արձանագրութիւն կը կատարեն Բերիոյ Հայոց Թեմի արտակարգ իրավիճակի մարմինը և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան համապատասխան գործի յանձնախումբը:
ՀԱՆՐԻ ԱՐՍԼԱՆՅԱՆ (Հ.Բ.Ը.Մ.-ի շինարարական մարմնի անդամ) - Տուներ այցելեցինք, արժևորումներ եղան, որպէս թեթև, միջին և ծանր վնասուած տուներ:
Այս յանձնախումբերը պիտի ճշդեն առաջնահերթութիւնը վնասուած տուներու վերաշինութեան կամ նորոգութեան:
ՄԱԳԻ ԲԵՐԲԵՐՅԱՆ (Բերիո հայոց թեմի արտակարգ իրավիճակների կառույցի անդամ) - Կը ստանձնենք բոլոր դիմումնագրերը, բոլորին կը փորձենք գոհացնել: Առաջնահերթութիւնը տրուած է շատ վնասուած տուներուն, որոնք այլևս անբնակելի են, կը սպասենք նախ տեղ ապահովելու ընտանքներուն յետոյ անոնց տուներու նորոգութեան աշխատանքի ձևաւորման:
Օրեր առաջ ՆՍՕՏՏ Արամ Ա. կաթողիկոսի Հալէպ զօրակցական այցելութիւնը նպաստեց հալէպահայոց հոգեկան վիճակի կազդուրման, թէև զարհուրանքը տակաւին կարելի է տեսնել երկրաշարժի ահը ապրողներու աչքերուն մէջ:
ՄԻՀՐԱՆ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆ - Արամ Առաջին վերափառ Հայրապետը զօրակցական այցելութիւն տուաւ Հալէպ և եկեղեցւոյ պատգամին մէջ յայտարարեց իր զօրակցութիւնը և ներցուկ կանգնիլը սուրիահայութեան և կոչ ուղղեց համայն հայութեան որ զօրակցին և նեցուկ կանգնին սուրիահայութեան:
Սուրիահայութիւնը յուսադրուած է, որ այնպէս ինչպէս պատերազմի դաժան տարիներուն հայրենի թէ աշխարհասփիւռ հայրենակիցները առանձին չձգեցին զինք, նոյնպէս այս պատուհասին չեն զլանար աղէտի հետևանքները մեղմացնելու ուղղութեամբ սատար հանդիսանալու: